Արծարծվում է, որ եկեղեցում գործող կանոնը նշում է, թե քանի եպիսկոպոս կարող են անվստահություն հայտնել, բայց այդտեղ նրբություն կա, նախ պիտի  եպիսկոպոսաց ժողով լինի, և այդ եպիսկոպոսները, որ ձայն են բարձրացնում, իրենք պետք է անբասիր լինեն, մաքուր լինեն։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանի և մյուսների գործով անցնող Հրայր սարկավագը՝ անդրադառնալով եկիսպոկոսների ու արքեպիսկոպոսների հայտնի հայտարարություններին։

«Հիմա ինչքանո՞վ է ճիշտ իրենց արածը։ Եթե Ամենայն Հայոց Հայրապետն էլ հայրաբար խնամքով, ժամանակի ընթացքում իրենց էլի հնարավորություն է տվել ուղղվելու, իսկ հիմա իրենք ինչ-որ այլևայլ պատճառաբանություններ են բերում, ասելով, որ կապ չունի ներկայիս ժամանակներում տիրող իրավիճակի հետ, բայց դա այլ բան է իրենց ասածը»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ այդ եպիսկոպոսները իրենց հարցազրույցներում նշում են, որ երկար տարիներ փորձել են իրենց այսօր բարձրաձայնած հարցերին լուծումներ ստանալ ներեկեղեցական պատերի ներսում, բայց հաջողության չեն հասել, սարկավագն ասաց. «Ես, ի պաշտոնե իրավազոր չեմ եղել մասնակցելու նման ժողովներին, որովհետև այնտեղ բարձրաստիճան հոգևորականներն են, և ինֆորմացված չեմ եղել, թե ինչ հարցեր են քննարկել այնտեղ։ Բայց մի բան ես վստահաբար գիտեմ. հոգևորականը, որը խնդիրի դեպքում իր ձայնը բարձրացնում էր, հիմա այս պատերի ներսում դատվում է։ Ես տեսել եմ այդ հոգևորականին, որ վստահված ձեռքերում թողնելով իրեն վստահված թեմը, պատերազմի է գնացել։ Ես այդպես հոգևորականին վստահում եմ։ Մնացած հոգևորականները, եթե իրենք օրհասական պահին իրենց ճիշտ խոսքը չեն ասում, և պարզ մարդկային տրամաբանությամբ խնդիրը առաջացած ժամանակ թողնում են, թե ինչ-որ մեկը կլուծի խնդիրը, ու հետո ելնում, բարձրաձայնում են, որ գիտեք, տարիներով խնդիրներ կային...  է, բարձրաձայնեիք, լուծեիք, բա ինչի՞ համար եք դուք բարձրաստիճան հոգևորական։

Իսկ այս ամեն ինչը սադրողին էլ թող մի քիչ ուշադիր լինի, շատ բաների մեջ է թաթախվում»։

Նա հավելեց, որ իր համար անսպասելի էր, որ այդ հոգևորականների մեջ է նաեւ Արցախի թեմի առաջնորդը. «Ես չեմ կարող հստակ ինչ-որ մի պատասխան տալ համենայնդեպս անձամբ պիտի խոսեմ իր հետ։ Դա եթերով ասելու բան չի, մեծ քննարկումն է լինելու, ես իրեն գիտեմ, ինքը՝ ինձ»։

Հրայր Սարկավագը նաև նշեց, որ եթե անգամ կաթողիկոսը զավակ ունի, դա ոչ մեկին չի խանգարում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ամուսնացած է եղել, իր որդիները, հետո թոռներն են կաթողիկոս դառել։ Դա նորմալ էր։ Աստվածաշնչում գրված է, եպիսկոպոսը մի կնոջ ամուսին պետք է լինի, այսինքն բազմակնություն չէր կարելի։ Դա գրված է առաքելական կանոնում, պետք չի էլի աղանդավորի նման մի հատված վերցնել, ասել այսպես է, մի հատ ընդհանուր ուսումնասիրեք, հասկացեք, թե ինչն ինչոց է»։

Նա նկատեց, որ քննադատողներից որեւէ մեկը չգիտի, թե արդյոք կուսակրոնության ուխտը խախտածը ոնց է ապաշխարհել, թողություն ստացել է, թե չի ստացել

«Իրենք ընդամենը ուզում են քարկոծեն։ Զգույշ եղեք, այդ քարերը կարող է թեքվեն ձեր կողմը։

Հայ ազգի մեջ տղամարդկությունը արդեն վերացա՞ծ է, որ սկսում են բամբասկոտ ինչ-որ բաներով զբաղվել։ Ունե՞ք ինչ-որ բան պնդելու, ով որ մեղադրում է, թող ինքն էլ ապացուցի։ Բան ունեք ասելու, տղամարդավարի եկեք դիմացը կանգնեք, ոչ թե հելեք այս կողմ, այն կողմ, պատի տակերում ինչ-որ բամբասանքներ արեք։ Սա վայել չի, հայկական չի։ Ո՞ր ժամանակ մենք կորցրեցինք մեր տղամարդկությունը»։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե կաթողիկոսը այլ երկրի գործկալ է, սարկավագն ասաց. «Վեհափա՞ռն է գործակալ, որ ուր գնում է, որ երկիր գնում է, հայ ազգի հարցն է բարձրացնում, Արցախի հարցն է բարձրացնում, գերեվարվածների հարցն է բարձրացնում, Արցախից տեղահանվածների հարցն է բարձրացնում։ Ի՞նքն է գործակալ, թե՞ այն մարդիկ, որոնք կամայական հրահանգներով ինչ-որ բաներ են անում։

Ես իմ ծառայության բերումով Մայր Աթոռում ծառայել եմ, Արցախում էլ ծառայել եմ, զինված ուժերում էլ ծառայել եմ և հիմա այդքան որ ամպագորգոռ հայտարարություններ են անում ինֆորմացիաներ ունեն, ես էլ ինֆորմացիաներ ունեմ թող մի քիչ զգույշ լինել։ Թող փորձեն դե եկեղեցու դեմ մի բան անել, բայց լավ չեն մարսելու։

Անշուշտ լավ է, երբ որ և պետական ոլորտում, և եկեղեցում մաքրման գործընթաց սկսի։  Եթե հոգևորականը ձայնը բարձրացնում է ազգի համար, կարող է, քանի որ ՀՀ քաղաքացի է,  և բոլորի պես ինքն էլ ունի իրավունք իր խոսքը բարձրացնելու։ Երեք հոգևորականներ խոսել են երկրի մաքրման մասին, ազատագրման, ճիշտ ճանապարհի մասին։ Դա քաղաքականության մեջ մտնել չի»։