«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր հերթական տեսանյութում նադրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարությունների՝ կապված Հայ առաքելական եկղեցու հետ։

Նա, մասնավորապես, միացրեց Փաշինյանի հայտարարության ձայնագրությունը, որտեղ վարչապետն ասում է հետըյալը. «Իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում, և հնչում է Կտրիչ Ներսիսյանի անունը, իրենք ցանկություն ունեն իրենց բողոքը արտահայտել հենց այդ պահին։ Արդյո՞ք նման բան կարելի է և թույլատրելի է, ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, որոնք իրենց հայտարարագրել են որպես վեհ և որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ և չեն կատարել դա, չեն կատարում դա և չեն էլ պատրաստվում առերեսվել այս փաստի հետ, մենք՝ Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներս, պետք է ոչ միայն վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը և ի վերջո այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք»։

Մարուքյանը շարունակեց. « Հիմա նայեք, վարչապետն  ասում է, որ ինչ-որ մարդիկ իրեն հարցնում են, ասում են՝ մենք կարա՞նք եկեղեցիներում պահանջենք, որ վեհափառի անունը չտրվի։ Ինքն ասում է՝ ես մտածում եմ, որ այո դուք կարող եք, դա լեգիտիմ պահանջ է։Քանի որ վարչապետը ի պաշտոնե նշանակում է ՆԳ նախարարին, ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին, հիմա ինքը բոլոր անվտանգային մարմիններին ուղերձ է տալիս, որ եթե եկեղեցիներում ինչ-որ մարդկանց խմբեր կգոռգռան պատարագի ժամանակ, այսինքն սուրբ ծեսը, պատարագը կխանգարեն և ինչ-որ մարդիկ էլ դրանց կհանդիմանեն, հա, այդտեղ վեճ կառաջանա, նրանք, ովքեր խանգարել են իմ այս ասած ձևի, ես ես լիազորել եմ, ես լեգիտիմ ասում եմ՝ այդ խանգարելու ձևը լեգիտիմ է։

Մեր օրենսդրությամբ, քրեական օրենսգրքով որևէ կրոնական ծես խանգարելը քրեորեն հետապնդելի արարք, այսինքն այս իր «լայվը» արդեն քրեորեն հետապնդելի արարք է։ Ինքը զանգվածային անկարգությունների կոչեր է անում։

Ինքը տեսնում է չի կարողանում գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա, չի կարողանում էլ ասպատակել, գնում է Գառնիի եկեղեցի, ու եթե այնտեղ մեկը գոռա, ասի՝ ինչո՞ւ եք պատարագի ծեսը խանգարում, եղել է մի քանի անգամ այս դեպքերը, դուրս կհրավիրեն։

Իսկ ինքը հիմա ժողովրդին ասում է՝ գնացեք եկեղեցիներ, և այդ ծեսը խանգարեք։ Պարզ է՝ հիմա 10 մարդ ամենքը մի եկեղեցում, 10 եկեղեցում գոռան ասեն՝ մի տվեք Գարեգին երկրորդի անունը։ Վստահաբար այդ պատարագին մասնակցելու են ասենք, 100 ուրիշ մարդ, որոնք այդ անունը տալուն սպասում են և դեմ են այս խառնակչությանը։ Հիմա այնտեղ կարող է բրդբրդեն, հրեն իրար, կարող է հարվածեն իրար, ինչ ասես կարող է լինի։ Եվ այս զանգվածային անկարգության կոչը անում է ՀՀ վարչապետը և սրանով նաև ուղերձ է տալիս իրավապահ մարմիններին, որ այդ մարդկանց չկպչեք։

Այսինքն ինքը անձամբ չի կարողանում բան անել, ժողովրդին ասում է՝ դուք գնացեք արեք։ Հետո իրար կծեծեն, կջարդեն, չգիտեմ ինչ կանեն, կասեն՝ բայց ես ի՞նչ կապ ունեմ»,– հայտարարեց Մարուքյանը։

Նա անդրադարձավ նաև նրան, որ ԱԺ պատգամավորները 3 միլիոն դրամ փող են ստացել. «Էդ ի՞նչ եք դուք անում, որ փողը ավելանում է, բոլորին ասում եք՝ ՀԴՄ կտրոն վերցրեք, հարկերը մուծեք, որ դուք այսպես բան անեք։ Ես սա գնահատում եմ որպես թալան։ Լեգիտիմ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը անվանել թալանչիներ, սա թալանչիների իշխանություն է։ Նախկինում հայտնի էր, ովքեր են թալանչիները, հիմա իրենք եկել են և թալանը իրականացնում են պետական բյուջեի միջոցների հաշվին, բոլորի հարկերի հաշվին նրանք թալանում են երկրում։

Նախ, անարդյունավետ ծրագրերով են թալանում, լափվում է մի այլ կարգի։ Երբ ասում են՝ բա քրեական գո՞րծը, Ավինյանը ասում է՝ ես ի՞նչ կապ ունեմ ԱՆԻՖ հիմնադրամի հետ։

Այնտեղ թալանվել, լափվել է ոնց կարան, հիմա արդեն կոնկրետ ուղիղ բանկային քարտի վրա նստացվող աշխատավարձով են թալանում մեր ժողովրդին։

Ես կարծում եմ սա պետք է կոչել լոյալության վճար, այսինքն մարդիկ 3 միլիոն դրամ փող են ստացել որպես լոյալության վճար, այսինքն լոյալ են եղել և մինչև ընտրությունները լոյալ կլինեն։ Ասում են՝ երեք միլիոն դրամ վերցրեք, գնացեք նոր տարի արեք, այս խեղճ ու կրակ ժողովրդի հաշվին։

Այստեղ շատ ֆունդամենտալ բան կա, երբ ես պատգամավոր էի, հիշում եմ, որ այսօրվա խորհրդարանական ուժերի պատգամավորները, ինչ ասես մեզ չէին ասում, որ պատգամավորների 15 000 վճարը դարձել էր 50 հազար դրամ։ Դա արվել էր ՔՊ–ի առաջարկությամբ։ Ելույթներ էին ունենում, թե ինչի՞ են սարքել 50 հազար դրամ։ Հիմա իրանք 3 միլիոն դրամ են ստացել, ձեն–ձուն չկա, այնտեղ մի քանի հոգի ասել են, որ մենք կանենք բարեգործություն այս փողից։

Ձեզ չեն ընտրել, որ դուք բարեգործություն անեք, դուք Կարմիր խաչից չեք, ձեզ ընտրել են, որ հակակշռեք, զսպեք այս իշխանությանը։ Եթե դուք լինեիք նորմալ ընդիմություն, դեր խաղայիք այդտեղ, ձեր դերը բավարար կլիներ, որ հակակշռեք և նման այլանդակ կարգադրություն չստորագրեր Ազգային ժողովի նախագահը։ Բայց դուք սուսուփուս այդ փողը ստացել եք և համապարտ պատասխանատվություն եք կրում գործող իշխանության հետ, խուճուճ բաներ մի խոսեք»,– ընդգծեց Մարուքյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։