Ճապոնիայի Վակայամա պրեֆեկտուրայի Կինոկավա քաղաքի կայարանի նոր աշխատակից է պաշտոնապես նշանակվել Յոնոտամա անունով կատուն։ Այս մասին հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը:
Հանդիսավոր արարողության ժամանակ կատվի վրա հագցրել են պաշտոնի փորագրությամբ մեդալ, ինչպես նաև գլխարկ: Wakayama Electric Railway Co ընկերության նախագահ Միցունոբու Կոջիմնան հույս է հայտնել, որ Յոնոտաման զգալի դեր կխաղա ճապոնական երկաթուղիների լուրջ փոփոխությունների ժամանակաշրջանում:
Յոնոտաման փոխարինել է Նիտամային՝ կայարանի նախորդ «կատու-պետին», որը սատկել էր անցյալ տարվա նոյեմբերին։ Նիտամային շնորհվել էր կայարանի պատվավոր պետի կոչում՝ երկաթուղային գծի հանրայնացման գործում ունեցած ավանդի համար։
Կայարանի վերակացուի պաշտոնը խորհրդանշական բնույթ է կրում։ Կատուն հանդիսանում է թալիսման և ներգրավում է զբոսաշրջիկներին։ Այս ավանդույթը սկիզբ է առել 2007 թվականին, երբ վերակացու է նշանակվել Տամա անունով կատուն։ Նշվում է, որ նման նախաձեռնությունն օգնել է վնասով աշխատող երկաթգծին պահպանել ֆինանսական կայունությունը։
Տաման սատկել է 2015 թվականին՝ 16 տարեկան հասակում։ Ծառայության տարիների ընթացքում նա տարածաշրջանին բերել է մոտ 1,1 միլիարդ իեն եկամուտ և ձեռք բերել միջազգային ճանաչում։











