Գործարար Սամվել Կարապետյանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կառավարման ընթացքում գրեթե բոլոր աշխատակիցները ստացել են պարգեւավճարներ։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Դավիթ Ղազինյանը՝ հերքելով ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի պնդումները։

Պետրոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ «Տաշիր կապիտալի» կողմից ՀԷՑ-ի կառավարման ընթացքում պարգեւավճարներ ստացել է միայն ղեկավարությունը։

Ղազինյանի խոսքով՝ նախկին ղեկավարության օրոք աշխատակիցների վճարումները բաժանվել են աշխատավարձ+ պարգեւավճար 50/50 հարաբերակցությամբ։ Պարգեւավճարները տրվել են ամբողջությամբ, բայց միայն այն դեպքում, եթե հանձնարարված առաջադրանքները պատշաճ կերպով կատարվել են։ «Բացի այդ, տարվա վերջում վճարվել են լրացուցիչ խրախուսանքներ, ինչպես բոլոր խոշոր կորպորացիաներում։ Օրինակ՝ 10 տարվա աշխատանքի ընթացքում ես բոնուս եմ ստացել միայն երկու անգամ։ Ոչ թե որովհետեւ վատ կառավարիչ էի, այլ որովհետեւ աշխատավարձը բարձր էր։ Մենք համաձայնության եկանք տնօրենի (ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ եւ հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյան- խմբ.) հետ, որ այդպես էլ կլինի»,- պարզաբանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալը։