Ուզում եմ խոսել այն մասին, թե ինչն է արվել վատ իմ կարծիքով և իմ տպավորությամբ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Իհարկե վերջին շրջանում որոշակի ինտենսիվ աշխատանքներ սկսել են արվել, բայց ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ վարչական շրջանների մեր կատարած աշխատանքից ես դժգոհ եմ։ Դժգոհ եմ մի քանի պատճառներով. Առաջին հերթին, իմ կարծիքով, մենք բավարար չափով ջանք չենք գործադրել, որպեսզի մասնավոր տնտեսվարողները, որոնք ունեն պարտականություն իրենց դիմացի հատվածներում ձնամաքրման աշխատանքներ իրականացնել, այդ աշխատանքների մասին տեղեկացված լինեն։
Նման պնդում անելու հիմքը այն է, որ մենք ունենք վարչական շրջաններ, որոնք բացարձակապես որևէ վարչական տուգանք այս հոդվածով չեն գրել այս շրջանում։ Դրանք չորս-հինգն են։ Եվ չկա դրան բացատրություն։
Կիևյան փողոցից երկու օր առաջ եղբորս հետ դուրս եմ գալիս իրենց շքամուտքից, այդտեղի խանութի տերը մաքրում է դիմացի հատվածը և ինձ ասում է՝ ինձ սրա համար փող պետք է տաք։ Այսինքն այդ մարդը չգիտի որ ինքը պարտավոր է դա անել, ավագանու որոշմամբ մասնավոր տնտեսվարողները, որոնք առաջնային գծում ունեն օբյեկտներ հասարակական տարածքներ, բիզնես, իրենք պարտավոր են այս ձնամաքրման աշխատանքներին մասնակցել, պարտավոր են նաև համատիրությունները։
Այն վարչական շրջանները, որոնք չգիտեմ ինչ պատճառով և ինչ բացատրությամբ և ինչ հիմնավորմամբ այս վարչական տուգանքները չեն գրել, իրականում պետք է բացատրեն և հիմնավորեն, որովհետև ինձ մոտ մեծ հարց է առաջանում։
Երկրորդը, երկու տարի առաջ մեր վարչական շրջաններում հատուկ աշխատակիցներ առանձնացրեցինք, որ հունվարի 1-3–ը վարչական շրջանները ունենան գործիք սանմաքրման հետ կապված աշխատանքները պատշաճ իրականացնելու և նմանատիպ դեպքերում մայթեր, բակեր և մնացյալ այլ տեղերում, երբ որ ձյուն է գալիս, ունենան այդ ներուժը, որոշ չափով աշխատացնեն այդ մարդկանց, որպեսզի ծայրահեղ խնդիր չունենան։
Այս մարդիկ հունվարի 1-3–ը տուն են եղել, Նոր տարի էին անում։ Բայց ես տարվա վերջին հատուկ շեշտել եմ, որ մենք ունենք ձյուն և պետք է աշխատենք 24/7 ռեժիմով։
Եվ երրորդ, դուք ունեք մոտավորապես հանրագումարով 300 աշխատակիցներ, որոնք պետք է զբաղված լինեն տարատեսակ վարչական խախտումներ արձանագրելով, և այդ արձանագրությունների թվերը, երբ ես հանում եմ, համեմատում եմ, օրինակ, նույն հասարակական կարգի կամ քաղաքաշինության և հողի վերահսկողության աշխատակիցների քանակի հետ, խայտառակ թվեր են դուրս գալիս։ Եվ ես հասկանում եմ, որ այդտեղ ունենք լուրջ փոփոխությունների կարիք, որը շուտով կքննարկենք անպայմանորեն։
Լավամարդ դուրս գալը լավ բան չի, այդ վարչական տուգանքները հենց այնպես չեն գրվում, դրանք նրա համար են, որ այդ խանութի տերը իմանա, որ դա իր պատասխանատվությունն է։ Որովհետև ինքը պարտավոր չի այս գործակարգավարականը լսել, բայց ինքը պարտավոր է ավագանու որոշումը կատարել»,– հայտարարեց Ավինյանը։
Նա հավելեց, որ հավելյալ տեխնիկայի կարիք այնուամենայնիվ ունենալու են։











