Շատ լավ համայնք ունենք Կարբիում, առհասարակ ժողովուրդն է շատ լավը և ամեն կիրակի պատարագներ ենք մատուցում Կարբիի սուրբ Աստվածածին եկեղեցում, ժողովուրդը հավաքվում է եկեղեցու շուրջը և իրենց աղոթքը բերում համայնքի համար, հայ ժողովրդի համար և առհասարակ իրենց հոգու մաքրության և արդարության հզորացման համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 15–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Կարբիի և Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանը։
Անդրադառնալով նրան, որ Արագածոտնի թեմը բախումներից խուսափելու համար այսօր չեղարկել է Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտերթը, իսկ այսօր Հովհաննավանքում մեծ թվով ոստիկաններ և բնակիչներ էին բերվել, նա ասաց. «Առհասարակ, ես այսօրվա սուրբ պատարագից հետո չեմ ուզի այդ գործողությունների մասին խոսել։ Նախ տեղին պատշաճ չեմ համարում, որովհետև առհասարակ մենք որպես Հայ առաքելական եկեղեցու զավակներ, ուղղափառ մեր ուխտը կապած մեր հայ առաքելական եկեղեցու հետ, բարություն ու սերն ենք քարոզում, մեր խոնարհումն ենք բերում մեր վանքերին, մեր եկեղեցուն և փորձում ենք սադրանքներից, փորձություններից, խաբեբայություններից, ստից հեռու լինել և մեր ժողովրդին առհասարակ ուղղորդում ենք, որ բարության կերպարի մեջ մնան»։
Դիտարկմանը, որ այսօր նախատեսված էր պատարագը մատուցել Հովհաննավանքում, բայց մտավախություն է եղել, որ թույլ չեն տալու եկեղեցի մտնել, ստացվում է, որ եկեղեցին զիջում է կարգալույծ եղած քահանայի պատճառով, տեր Օշինն ասաց. «Առաքելական եկեղեցին միշտ էլ զիջող է եղել, որովհետև գիտեք, որ Քրիստոսահիմն եկեղեցի է և այդ զիջումը չի նշանակում թուլություն, այդ զիջումը ավելի խոնարհում է բերում մեզ, մեր եկեղեցուն և առհասարակ հայ ժողովրդին։ Եվ որպեսզի զերծ մնանք տարբեր տեսակի խոսակցություններից, բամբասանքներից և սադրիչ գործողություններից, այդ իսկ պատճառով զրկվեցինք այսօր, մեր այցելությունը չկատարեցինք Հովհանավանք և մեր խոնարհումը չբերեցինք, բայց հուսալքված չենք։ Հովհաննավանքը մերն է, մեր հայ ժողովրդին է և մի օր գնալու ենք և մեր խոնարհումը նորից բերելու ենք»։
Նա համոզմունք հայտնեց, որ այս ամենն արվում է իշխանության հովանավորչությամբ. «Առանց իշխանության հովանավորչության ոչ մի բան էլ տեղի չի ունենում։ Այս ամենը, ինչ որ դուք տեսնում եք, իշխանության հովանավորությամբ է։ Նման խամաճիկներն էլ իրենց գործիքներն են, օգտագործվելու են և մեկ օր դեն նետվեն»։
Հարցին՝ Եկեղեցին ի՞նչ լծակներ ունի, որ կարողանա կարգալույծ եղած քահանային վտարել եկեղեցուց, նա արձագանքեց. «Եկեղեցին լծակներ չունի, եկեղեցին հայրական հորդոր ունի մեր ազգի Ամենայն հայոց վեհափառ հայրապետի գլխավորությամբ և հորդորում է, որպեսզի զերծ մնան հնարավորինս այդ քայլերից։
Եթե կարգալույծ են, իրավունք չունեն պատարագելու, կանոնական չի և այդ պատճառով էլ իրենք հակառակը, մեր ժողովրդին մղում են ավելի մեղքի, ավելի չարության։ Այսօրվա դեպքը հենց փաստ. Արմեն անունով ոմն մեկը կարգալույծ եղած, Ստեփան Ասատրյանի հետ մեկտեղ պատարագում է Հովհաննավանքում, որի իրավունք չունի։ Համախմբել են, հրավիրել են մարդկանց, ինչ պատարագ են մատուցում, տեղյակ չեմ, բայց իրենց արածը կեղծիք է, մեղք է։ Իմ հորդորն է մեր ժողովրդին, որ չտարվեն, չգնան, այդ մեղքից մաս և բաժին չունենան։ Թող Տերը ուղղորդի ամենքիս»։











