Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ է լայն ընդդիմադիր ճակատի ձևավորում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության մեջ ՀՅԴ-ի ներկայացուցիչ և պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորը փաստել է, որ ստեղծված իրավիճակում միայնակ ոչ ոք չի կարող հաջողությամբ իրականացնել իշխանափոխության գործընթացը։ «Մենք պետք է այս ընտրությունները դիտարկենք հենց այդ տրամաբանության մեջ։ Այս ընտրությունները պետք է վերածվեն իշխանափոխության գործընթացի։ Այլ միջոցներն անիմաստ են։
Անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը համապատասխանեն երկու պայմանի. ոչ միայն հաղթահարեն անցողիկ շեմը, որովհետև եթե չեն հաղթահարում, նշանակում է՝ խաղացել են հօգուտ Փաշինյանի, և եթե հաղթահարել են, բայց ընդդիմությունը չի հաղթել, առաջանում է այն իրավիճակը, որը այսօր կա։ Նրանք ներկայացված են խորհրդարանում, բայց չեն ազդում երկրի գործընթացների վրա: Հետևաբար, պետք է ձևավորվի ճակատ, որը բաղկացած կլինի մի քանի խոշոր ընդդիմադիր քաղաքական ուժերից, որոնք կհաղթահարեն շեմը»,- միտքը ներկայացրել է պատգամավորը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է քարոզարշավն այնպես տանել, որ ընտրողները ընդդիմադիր ուժերի միջև ընտրության հնարավորություն ունենան:
Ռուստամյանը հայտնել է, որ ընդդիմության խնդիրը պասիվ ընտրողներին ակտիվացնելն է։ Իշխանություններից եկող դժգոհությունը մեծ է, պետք է, որ դժգոհ ընտրազանգվածը ընտրության հնարավորություն ունենա, իսկ ընդդիմության խնդիրն է գեներացնել այդ դժգոհությունը։
Ի պատասխան խնդրանքին՝ նշել մի քանի կուսակցություն, որոնք կարող են կազմել այդ ճակատը, նա մատնանշել է, բնականաբար, ՀՅԴ-ն, այնուհետև՝ «Ուժեղ Հայաստանը», և հայտնել, որ բանակցություններ են ընթանում բազմաթիվ ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։ «Ով մեր դեմ չէ, նա մեզ հետ է»,- հավելել է Ռուստամյանը՝ կոչ անելով մի կողմ դնել անձնական հավակնությունները և հետամուտ լինել ընդհանուր շահերին։











