Այս պահին ես որեւէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական արձագանք չունեմ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը դեռեւս դեկտեմբերին դիմել է ԱԺ նախագահին, որպեսզի ծանոթանա 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցին։

«Երեկ քննարկում է եղել Ազգային Ժողովում, և ես հասկացա, որ ԱԺ–ում զեկույթը չի քննարկվելու։ Եթե այդ փաստաթուղթը մնում է որպես նյութերի ինչ-որ հավաքածու, որը ինչ-որ պաշտոնյաների վերլուծություն է, և դա քաղաքական նշանակություն չի ունենալու որպես փաստաթուղթ, ես դեռևս համբերատար կսպասեմ պատասխանի։

Եթե դա պետք է ներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում ու դառնա քաղաքական փաստաթուղթ, Ազգային ժողովի վերլուծություն, ոչ թե Ազգային ժողովի հանձնաժողովի, այլ Ազգային ժողովի գնահատական, առանց մասնակիցների իրավունքի իրացման, ասինքն մենք ծանոթանանք այդ փաստաթղթին և մեր նկատառումները կամ դիտողությունները ներկայացնենք, լիարժեք չի լինելու։ Եթե այդպես ենք գտել, ես խնդիր չեմ տեսնում»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին հայտարարել է, որ զեկույցում գաղտնի հատվածներ կան, որոնք հասանելի են միայն պատգամավորներին, Դավիթ Տոնոյանն ասաց. «Այդտեղ իրավական հարցեր կան, որոնք պետք է լուծում ստանա, բայց ես կրկին ասում եմ, որ ես համբերատար կսպասեմ պատասխանին Ազգային Ժողովից։

Անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին, նախկին նախարարն ասաց. «Հիմա մենք գտնվում ենք վիճաբանությունների փուլում և պաշտպանական կողմը հանդես է գալիս ճառերով։ Ես ցանկություն ունեմ ելույթով հանդես գալու և ժամկետների մասին չեմ կարող ասել, կարող է մեկ ամիս հետո լինի կամ երկու ամիս հետո»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ որևէ ուժի ցուցակով մասնակցի 2026–ի ԱԺ ընտրություններին, Դավիթ Տոնոյանը բացասական պատասխան տվեց. «Ես դեռ պետք է այս հարցը լուծեմ դատարանում, որովհետև եթե այսպիսի կոռուպցիոն մեղադրանքով ընդգրկվեմ ինչ-որ քաղաքական պրոցեսների մեջ, ես գտնում եմ որ դա ճիշտ չի»։