Ես Եռաբլուր շատ հազվադեպ եմ գնում, որովհետեւ չգիտեմ, գնամ էդ տղաներին ինչ ասեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։
«Ես գնամ Բեկորին կամ Լեոնիդ Ազգալդյանին ի՞նչ ասեմ, Դուշման Վարդանին ինչ ասեմ։
Մեր միակ բարեկամը մեր բանակն է, այսինքն մեր սեփական ուժն է։ Այսօր առանց բանակի ոչինչ չես կարող անել։ Ասում են՝ պարտվել ենք, նոր հնարավորություններ ենք ձեռք բերել։ Դա նոնսենս է, նման բան աշխարհում չկա։ Բա ինչի՞ եք ուրիշ հարցերում ասում՝ առաջատար եղեք, կրթվեք, օլիմպիդաներում մեր երեխաները հաղթեն, բա եթե երեխան չմտածի, որ պետք է հաղթի, ինքը ո՞նց է գնալու օլիմպիադա ու հաղթի։ Նույնը բիզնեսում, ո՞նց կարող ես բիզնեսում հաղթել, եթե այդ հաղթական հոգին չունես։ Հիմա մենք եթե այս թշնամական աշխարհում պինդ չլինենք, չմտածենք, որ կարող ենք հաղթել, մենք ի՞նչ կարող ենք անել, ոչինչ։ Եթե դու բանակ չունես, կամ թույլ է բանակդ, ոչ մի բան էլ չես կարող նորմալ պայմանավորվել, ուրիշներն են պայմանավորվելու քո շահերի տեսանկյունից»,–ասաց նա։
Արկադի Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ մեր ազգը դասեր չի քաղել պարտությունից. «Որ քաղած լիներ, մենք հիմա որևէ սադրանքի, որևէ բաժանումների չէինք գնա, կլինեինք կուռ, պինդ, իրար սիրող, հարգող մեծ միավոր, որն իր հարցերը կլուծի և իր շահերի համար կռիվ կտա ամեն տեղ։ Ես հավատացնում եմ, որ եթե մենք այդ վիճակին գանք, այն, ինչ ունենք, դա մեզ հերիք է, որ բոլոր հարցերը լուծենք,–ասաց նա։











