Ինքը Անկախության հետ բացարձակապես կապ չունեցող և անկախության գաղափարն ու հասկացությունը պղծած մարդ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մեր ստեղծած անկախությունը հենվել է ինքնորոշման գաղափարի վրա, Արցախը ինքնորոշում է, եթե սա նույնիսկ Մոզամբիկի ինքնորոշումը չճանաչեր, էլի ծանր հանցագործ էր, պղծության գագաթ, բայց ինքը մեր հայրենակիցների պայքարով ձեռք բերած ինքնորոշման իրավունքը ուրացավ։ Ինքը հանցագործ Ալիևին օրինականացրեց, դրանից հետո Պուտինը մտածեց, որ եթե Ալիևը կարող է ուժով հարց լուծել, ես էլ փորձեմ։ Դրանից հետո Թրամփը ուժով հարցեր լուծեց, այնինչ կա միջազգային սկզբունք։ Ինչի՞ եմ Ալիևին հանցագործ ասում, որովհետև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ գրված է՝ զենքի օգնությամբ հարցեր չեն լուծում։ Մի անգամ նրանք փորձել էին ջախջախվել էին, մերոնք հետևողական չէին եղել, որ 90-ական թվականներին պատերազմ հայտարարվեց։ Հիմա սա օրինականացրեց։ Եթե ինքը Ալիևին ասում էր՝ Ալիևի հետ հաճելի է հանդիպել զրուցել, դա իր մարդկային իրավունքն է, բայց երբ պետական մակարդակով է դա ասվում։ Դրա համար ասում եմ՝ կոռուպցիոն հանցախումբ, սրբապիղծների հավաքականություն է։ Սա լավ լյուստրացիա եղավ, ինչքան տականք կա, մի տեղ հավաքվեցին։ Ես այն մոլորյալներին չեմ համարում, որ դեռ չեն հասկանում, որ կարծում են, թե ինչ-որ հանճարի հետ գործ ունեն, որ այնպիսի բաներ է անում, որ մյուսները չեն հասկանա»,–ասաց նա։
Հայրիկյանը տեղեկացրեց, որ փետրվարի 18-ին լուրջ հանրահավաք են կազմակերպում. «Բոլոր այն մարդիկ, որ առանձին-առանձին դժգոհում են, բոլորի հետ խոսել եմ, համաձայնել են մի հարցում, որ հիմքում ընկած է իրավախախտումը՝ «ասենք ոչ իրավախախտումներին»։ Օրինակ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ արդեն պետականորեն կազմակերպվող հետապնդումները իրավախախտում են։ Գերիների առկայությամբ ասել, որ խաղաղություն է հաստատված, դա նույնպես իրավախախտում է, որովհետև խաղաղություն նշանակում է պատերազմի ավարտ: Պատերազմի ավարտ նշանակում է կողմերը պատերազմական գործողություններ և դրանց հետևանքները չեն օգտագործում: Գերիները պատերազմի հետևանք են: Դա իրավախախտում է:
Հայ մարդու, մանավանդ մեծահասակների նկատմամբ, տեռոր է իրականացվում պետության մեջ: Իրավախախտումների մի շարք կա, օրինակ, Արցախի ինքնորոշման իրավունքի մերժումը։
Ասում են՝ մեր միակ զենքն է ժողովրդավարությանը, բա ես տվել եմ ձեզ բացարձակ ժողովրդավարության նախագիծ, ինչի՞ եք արգելում»,–ասաց Հայրիկյանը։
Դիտարկմանը, որ Արևմուտքը շատ հանգիստ է վերաբերվում այդ իրավախախտումներին, ԱԻՄ առաջնորդն ասաց. «Հիվանդը որ գնում է որևէ բժշկի մոտ, բժիշկը նայում է հիվանդի վիճակը լավ չի, հարցնում է՝ դու ո՞նց ես, ասում է՝ շատ լավ եմ։ Դե լավ ես, գնա տուն։ Իրավունք չունի Արևմուտքը»։











