Յոթ տարվա կտրվածքով գյուղատնտեսությունը և մշակող արդյունաբերությունը ունեցել են անկում. մի երկրում, որտեղ որ բնակչության 30%–ն ապրում է գյուղական համայնքներում, ունենալ գյուղատնտեսության անկում ուղղակի անթույլատրելի է, դա նշանակում է, որ այդ մարդկանց եկամուտը այդքանով նվազել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Մեր ձևով »շարժման անդամ, տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը։

Անդրադառնալով նրան, որ 2025–ին տնտեսական ակտիվության ցուցնիաշն աճել է 9.1 տոկոսով, նա ասաց. «Այս իշխանություններին բաժին հասավ մի ժամանակաշրջան, երբ տեղի ունեցավ ռուս-ուկրաինական հակամարտությունը և տնտեսական ակտիվությունը և տնտեսական աճը կարելի է մեծամասամբ վերագրել այդ պատերազմի հետևանքներին, որի արդյունքում Հայաստանը որոշ չափով կարողանում է օգտվել Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից։ Տրամաբանական չէ քեզ վերագրել մի բան, որի հեղինակը դու չես»։

Ինչ վերաբերում է նրան, որ «Մեր ձևով» շարժումը խոստանում է փոքր բիզնեսի համար սահմանել զրո տոկոս հարկ, տնտեսագետն ասաց. «Մենք ունենք մոտավորապես 70 հազար տնտեսվարողներ, որոնք փոքր բիզնես են և հիմնականում ապահովում են սոցիալական խնդրի լուծում։ Այս ընկերությունները, որոնք ունեն փոքր շրջանառություն, հանդիսանում են, այսպես ասած, դեպի միջին և խոշոր բիզնես դառնալու ինկուբատոր։ Մենք ստեղծում ենք ինկուբատոր, որտեղ փոքր ձեռնարկությունները կունենան շնչելու հնարավորություն։ Այսինքն մենք հարկային մարմինների միջոցով նրանց տեռորի չենք ենթարկի, ոնց որ հիմա է կատարվում։ Վերջին տարվա ընթացքում մոտավորապես 5000 ընկերություն փակվել է ուղղակի։ Մոտ 10 000 աշխատակցի մասին է խոսքը, այդքան մարդ ուղղակի կորցրել է իր աշխատանքը։

Գործող կառավարության քաղաքականությունը միտված է մարդկանց և բիզնեսներին շատ բարդ վարչարարության, վարչարարական տեռորի միջոցով բերել հարկային դաշտ և նրանց չթողնել շնչել։ Այն, որ 0% հարկ է լինելու, դա չի նշանակում, որ մարդիկ հաշվետվողականություն չեն ունենալու, բայց դա նշանակում է, որ մարդիկ հնարավորություն են ունենալու շնչելու։  Մենք դրանով թույլ ենք տալիս նրանց զարգանալու և դառնալու միջին բիզնես, հետո խոշոր բիզնես։ Այդ ընկերություններից ստացած եկամուտը պետական բյուջեի մոտ 2.5% ն է, մենք մեր ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում մենք այդ 2.5%-ի տասնապատիկն ենք ավելացնելու»։