Հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել՝ դա նաև իր խնդիրներն է բերել՝ ճանապարհների հետ կապված։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 9–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության տնօրեն Սաշա Կատվալյանն իր հերթին նշեց. «Քանի որ ձմեռվա աշխատանքների ժամանակ ընդհանուր օգտագործվել է մոտավորապես 12 000 խմ աղի ու ավազի խառնուրդ, բնականաբար դրանից հետո դրա մեծ մասը մնացել է փողոցներում և յուրաքանչյուր օր կոնկրետ վարչական շրջանում մոբիլիզացվում են ամբողջ համայնքային հիմնարկի տեխնիկական ուժերը, ինքնաթափերը և տրակտորները և դրանց միջոցով իրականացնում ենք մաքրման աշխատանքներ։ Ընդհանուր մոտ 15 օրում ամբողջ աշխատանքները քաղաքում կավարտենք»։
Նաև զեկուցվեց, որ շաբաթ-կիրակի օրերին կսկսեն բուն փոսալցման աշխատանքները։
Ավինյանն էլ հավելեց. «Հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, նաև դա բերել է իր խնդիրները ճանապարհների հետ կապված, և մենք ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ։
Մենք ավելի ինտենսիվ պետք է աշխատեինք, րովհետև իրապես ծավալը ամբողջ քաղաքով մեծ է։ Այո, հասկանում ենք, որ սա ձնամաքրման աշխատանքների և աղի հետևանք է, բայց ամեն դեպքում պետք է մաքսիմալ արագացնենք։ ՏԿԵՆ–ի գործընկերներն էլ մեզ աջակցելու են այս հարցում և հետևապես խնդրում եմ նաև գործընկերների հետ ցանկը համաձայնեցնել, որտեղ նաև իրենք իրենց ներդրումը կունենան»։











