«Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու ցանկություն կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Պատասխանելով դաշինքի պահպանման մասին հարցին՝ պատգամավորը նշել է, որ այդ ձևաչափի կարևորության մասին արդեն ասվել է։ «Մենք ասել ենք, որ կարևորում ենք «Հայաստան» խմբակցության գործունեությունը, ցանկանում ենք այն պահպանել և այդ ուղղությամբ ընթանում են բանակցություններ ու քննարկումներ։ Այս պահին որևէ խնդիր չկա և ժամանակին մենք հանդես կգանք հայտարարությամբ»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ ՀՅԴ-ն սահմանաչափը հաղթահարելու խնդիր չունի, սակայն հարցն այն է, որ ընդդիմադիր դաշտում ստեղծվեն խոշոր դաշինքներ, որոնք կմիավորեն ջանքերը՝ ներկայիս իշխանությունների տեսքով այս պատուհասից ազատվելու համար։ «Մենք մեր օրինակով ցույց ենք տվել և գտնում ենք, որ քաղաքական դաշտի մյուս ուժերը ևս պետք է գնան խոշոր բլոկներ ստեղծելու, միավորելու ճանապարհով, որովհետև ակնհայտ է, որ կան ընդդիմադիր բավականին լավ ուժեր, բայց ակնհայտ է, որ իրենք շեմը հաղթահարելու դժվարություն ունեն։ Հիմա ի՞նչ կարիք կա գնալ, այդ քվեները փոշիացնել»,- ընդգծել է Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե որևէ խոշոր ընդդիմադիր ուժի հաջողվի հավաքել 49 տոկոս ձայն, սակայն իշխանափոխություն տեղի չունենա, «մենք դա պարտություն կհամարենք»։

Պատգամավորը հավելել է, որ «Հայաստան» խմբակցության հիմքի վրա բանակցություններ են ընթանում այլ ուժերի հետ, սակայն մինչև արդյունքի հասնելը այդ մասին խոսելը նպատակահարմար չէ։

«Եթե մեր համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցել, և այդ ակնկալիքն ունենք նաև մյուսներից։ Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում առանձին ներկայացված լինելուն, ապա դա լիովին բնական գործընթաց է»,- նշել է պատգամավորը։