2026 թվականի ընտրություններում մենք գնում ենք հաղթելու տրամադրվածությամբ, որովհետև մեր թիկունքում և արված աշխատանք կա, և ամենօրյա ինտենսիվ շփումներ կան բնակիչների հետ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 13–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Չկա այլ քաղաքական ուժ, ով ավելի մեծ ինտենսիվությամբ է շփվում բնակիչների հետ, քան «Քաղաքացիական պայմանագիրը» ՏԻՄ–երում, տեղերում, կառավարությունում, Ազգային ժողովում։ Մեզ այդ շփումների վստահությունը ցույց է տալիս, որ մենք գնում ենք ընտրությունները հաղթելու ճանապարհով։ Դա այն ճանապարհն է, որը 2021-ին եղավ, 2018-ին եղավ, նախորդ տարի Վաղարշապատում եղավ»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ նախօրեին Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իրենք գնում են ընտրություններին հաղթելու և իշխանությունը վերցնելու, Խուդաթյանն արձագանքեց. «Ընտրության արդյունքները ցույց կտան, 2021-ին էլ Ռոբերտ Քոչարյան էր վստահ, որ իշխանություն ինքն է կազմելու, տեսանք արդյունքը։ Ընդդիմությունը Վաղարշապատում էլ էր վստահ, որ իրենք են լինելու իշխանություն, այնտեղ էլ տեսանք արդյունքը, 2018-ին էլ Սերժ Սարգսյանն էր վստահ, որ երրորդ ժամկետը կհաջողվի իր մոտ, դրա արդյունքն էլ տեսանք»։











