Բանակում հոգևոր ծառայությունը կրճատելու վերաբերյալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, չի կրճատվում ծառայությունը, ընդամենը կառուցվածքային փոփոխություն է լինում, որը ճիշտ է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 13–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ բանակում հոգևոր ծառայությունը լուծարելուց հետո քահանաները ահազանգում են, որ գեներալները կանչում են իրենց և քաղաքական հարցեր են տալիս, հորդորում են միանալ եկեղեցու դեմ արշավին։
«Երկու տեղից կառավարումը բանակային պրոցեսում և առհասարակ որևէ պրոցեսում կառավարման էֆեկտիվ մոդել չէ։ Մեղմ ասած, վստահ չեմ, որ այդ քահանաները, ում դուք մեջբերեցիք առանց անունները տալու, իրենք ճիշտ ինֆորմացիա են ասում։ Նախկինում ևս ունեցել ենք, ցավոք սրտի, բազմաթիվ դեպքեր, երբ որ քահանաները կեղծ ինֆորմացիա են տվել։ Խոսքը ոչ բոլոր քահանաների մասին է, Շատերը ճիշտ ինֆորմացիա են տարածում, խոսելով եկեղեցում առկա խնդիրների մասին, պրոբլեմների մասին։ Այսինքն այնպես չի, որ բոլոր քահանաները Կտրիճ Ներսիսյանի քաղաքական գիծն են առաջ տանում։ Կան բազմաթիվ հոգևորականներ, ներառյալ բարձրաստիճան հոգևորականներ, թեմերի առաջնորդներ, եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, որոնք համարձակություն են ունեցել բարձրաձայնել եկեղեցում առկա խնդիրների մասին, և ես ևս մեկ անգամ ողջունում եմ այդ հոգևորականների խիզախ կեցվածքը։
Ես բացառում եմ ապօրինի ցանկացած միջամտություն իշխանության կողմից, մենք այդ խնդիրը չունենք, այդպիսի խնդիր մեր օրակարգում չկա»,–ասաց նա։











