Չնայած երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում աղետի գոտու անօթեւան ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել` հիմնականում նրանց եւ անդամների քանակն է ավելացել, եւ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ձեւավորվել, սակայն անօթեւան ընտանիքներին, ՀՀ կառավարության` աղետի գոտու բնակարանային շինարարությունը եւ բնակբաշխման գործընթացը կանոնակարգող որոշումներով, հատկացվում է նույնքան սենյականոց բնակարան, որքան իրենք կորցրել են երկրաշարժին (իհարկե` եթե ընտանիքների անդամների թիվը չի պակասել, այդ դեպքում պակասեցվում է նաեւ սենյակների թիվը):
Այդ իսկ պատճառով նախորդ տարիներին բնակարաններ ստացած հարյուրավոր բազմանդամ ընտանիքներ կիսվել են եւ շարունակում են բնակվել վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում:
Այսօր` փետրվարի 13-ին «Շիրակ-կենտրոնի» ներկայացուցիչներն այցելել են նման` պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, անօթեւանի կարգավիճակից զրկված, Գյումրիի Մանուշյան 231/447 տնակի բնակիչ Ավետիսյանների ընտանիքին: Ընտանիքի հայրը` Արամը երկրորդ կարգի հաշմանդամ է ունի երեք անչափահաս երեխաներ: Տարիներ առաջ նրանց 11 անձից բաղակացած ընտանիքին հատկացրել են երկու սենյականոց բնակարան: Նրա եղբոր 5 անձից բաղկացած ընտանիքը տեղափոխվել է բնակվելու նոր բնակարանում, իսկ իրենք 7 անձով շարունակում են բնակվել տնակում:
Մի հարցում նրանց ընտանիքի բախտը բերել էր, նախորդ ամիս արտերկրից Գյումրի ժամանած մեր հայրենակիցներից մեկը տեսնելով տնակային պայմաններում բնակվողների ծանր վիճակը մի շարք ընտանիքների, այդ թվում նրանց մեկական խորանարդ մետր վառելափայտ էր նվիրել: Ի դեպ, երկրորդ շաբաթն է ինչ Գյումրիում սաստիկ ցրտեր են, գիշերային ժամերին ջերմաստիճանը ցածր է -25-ից:











