Իմ կայացրած որոշումները ես չեմ մեկնաբանում. Եթե նման որոշում է կայացվել, ուրեմն դատարանը նման իրավասություն ունի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Էդգար Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր կայացրած որոշմանը, որով հայցի ապահովման միջոց է կիրառել Արման Սարոյանի գործով, ըստ որի վերջինս պետք է շարունակի պաշտոնավարել Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնում, թեև նա հեռացվել է այդ պաշտոնից, ապա նաև կարգալույծ հռչակվել։

Հարցին՝ ձեր խղճի առաջ հանգի՞ստ եք, դատավորը դրական պատասխան տվեց. «Ձեր բոլոր հարցերը վերաբերում են դատական ակտին, ոնց գնահատել եմ, այդ ձև էլ ակտի մեջ գրված է»։

Անդրադառնալով մեղադրանքներին, որ ինքը օրենք է խախտել, որովհետև պետությունը չպիտի միջամտի եկեղեցու գործերին, դատավոր Հովհաննիսյանն ասաց. «Ես վարույթ ընդունելով դատական պաշտպանության իրավունք եմ ապահովել»։

Այսօր՝ փետրվարի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով հրավիրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով։ Օրակարգի մասով ոչինչ հայտնի չէ։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ դատական համակարգում պատրաստվում են ակադեմիայի խորհրդի անդամի ընտրության։ Պետք է մեկ դատավոր ընտրեն քաղաքացիական դատարանից, իսկ մեկ դատավոր էլ՝ քրեական դատարանից։