Եթե ժողովուրդը կգնա և որևէ ընդիմադիր ուժի կտա 50 պլյուս մեկ, կամ թույլ կտա իր տված ձանով ձևավորել մեծամասնություն, որևէ պայմանավորվածության կարիք չի լինի։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Այսինքն սիրելի քաղաքացիներ, դուք եք որոշում և եթե նախընտրած ուժ ունեք, իրենց տվեք այնքան ձայն, որ եթե չեք ուզում համագործակցային իշխանություն լինի, որ այդ համագործակցության կարիքն էլ չլինի։

Այս պահին այն դաշինքներն են, որոնք կամ ձևավորման փուլում են, կամ արդեն ձևավորվել են, այլ պայմանավորվածության մասին չեմ ասել։

Անդրադառնալով նրան, որ իշխանությունները վկայակոչում են ամերիկյան հարցումներ, ըստ որի, «Հայաստան» դաշինքը հազիվ 4% է ստանալու և ԱԺ անցնելու շանսեր չունի, Վարդանյանն ասաց. «Եթե մեր դաշինքը խորհրդարան չի անցնելու, ինչի՞ են անհանգիստ։ Եթե չենք անցնելու, մենք պիտի մտահոգվեինք, դեպրեսիայի մեջ լինեինք, ոչ թե իրենք։

Այսինքն, մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոս ուժի հետ։ 4%–ը դաշինքների համար անցողիկ չի, ՔՊ-ն պիտի որ անհանգստանալու կարիք չունենա, ընդհանրապես քարոզարշավ էլ չաներ, բայց ՔՊ-ն քարոզարշավից շուտ քարոզարշավ է սկսել, ամբողջ իշխանական ռեսուրսները կենտրոնացրել է։ Եթեայդքան աղետալիէ մյուս ընդդիմադիր ուժերի վիճակը, իրենք անհանգստանալու կարիք չունեն,  ինչի՞ են բան ու գործ թողած, քարոզարշավ իրականացնում, երբ տարածաշրջանը եռում է։ Բոլոր մեր պետական պաշտոնյաները, անվտանգայինից, ուժայիններից մինչև արտաքին գործերի նախարար, ավտոբուսի մեջ քարոզարշավ են անում։

Եթե ուզում են այնպիսի տպավորություն թողնել, որ ինչ էլ լինի, մենք հաղթելու ենք, սիրելի քաղաքացիներ, դա ուղիղ ձեզ ասում են, որ ձեր մասնակցությունը ոչինչ չի որոշելու, արդեն որոշված է։ Ամբողջ իմաստը այն է, որ քիչ մասնակցության դեպքում ՔՊ-ն վարչական ռեսուրսների կիրառմամբ, իր զանգվածը մոբիլիզացնելով, կարողանա ապահովել ցանկալի արդյունք:

Անդրադառնալով ՔՊ–ականների հայտարարությանը, որ թույլ չեն տալու «Գյումրի–2» սցենար, Քրիստնե Վարդանյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ, ՔՊ-ն չի բողոքարկել Գյումրիի ընտրության արդյունքները: Ի՞նչը թույլ չեն տալու: Գյումրիում տեղի է ունեցել հետընտրական համագործակցություն, և իշխանափոխություն է տեղի ունեցել Գյումրիում։ Ի՞նչը թույլ չեն տալու, Գյումրիում ի՞նչ անօրինական բան է տեղի ունեցել, որ թույլ չեն տալու։

Եթե չեք ուզում, որ որևէ ուժ, որևէ ուժի հետ համագործակցի, նրան տվեք այնքան ձայն, որ անհրաժեշտ չլինի համագործակցություն։ Եթե այդքան ձայն որևէ մեկը չունի, բնականաբար պիտի համագործակցի, որ կարողանա կամ իշխանություն ձևավորել, կամ իշխանություն փոփոխի։

Ընդդիմությունը շատ ուղիղ ասում է՝  մենք ուզում ենք փոփոխվի այս իրավիճակը, կամ ընդդիմության ուժերից որևէ մեկին տվեք 50 պլյուս մեկ, եթե ոչ, այո, այդ ուժերը իրար հետ համագործակցելու են, երեք ուժ կլինի, չորս, ես չգիտեմ»։

Ճշտող հարցին, որո՞նք են լինելու այդ ուժերը, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժե՞րը, նա արձագանքեց. «Այդ երեքին դուք ասեցիք։ Ես ասում եմ՝ այն բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնց առաջնային նպատակը իրավիճակի փոփոխությունն է։ Եթե Հայկ Մարությանը կլինի, իր հետ է պետք համագործակցել»։