Այս լուրի գլխավոր տարածողներից մեկը դարձել է արևմտյան պետությունների և հատուկ ծառայությունների հետ իր փոխկապակցվածությամբ հայտնի ռադիոկայանը։ Ավելի ստույգ՝ դրա ստորաբաժանումը, որը գործում է Հայաստանում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության արտահոսքը, համաձայն որի, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Երևանը «հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու օպերատիվ արձագանքման» խումբ է խնդրել Բրյուսելից։

«Շատ հետաքրքիր ձևով՝ նրանց տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի ԱԳ նախարարի նամակը։ Թե ինչպես է այն հայտնվել նրանց մոտ՝ անհասկանալի է։ Բայց, հնարավոր է, որ հենց սա էլ առաջին «հիբրիդային հարձակումներից» մեկն է։ Գուցե նրանք ինչ-որ բան են կոտրել։ Գուցե գողացել են այդ նամակը»,- ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է հարցի էությանը, ապա, ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Հայաստան արագ արձագանքման խումբ ուղարկելը «մոլդովական սցենարի» ակնհայտ պրոյեկցիան է։ Միևնույն ժամանակ, վերոհիշյալ լրատվականի լրագրողներն անձամբ են նշում, որ անցյալ տարի եվրոպական «դեսանտը» աշխատել է Քիշնևում՝ «Ռուսաստանի ապատեղեկատվությանը հակազդելու» հարցում իշխանություններին աջակցելու համար։

«Նախընտրական շրջանում և հնարավոր սահմանադրական հանրաքվեի ժամանակ ԵՄ փորձագետների ակտիվ ներգրավումը դժվար թե ամրապնդի Հայաստանի իսկական ինքնիշխանությունը։ Ավելի շուտ, ամեն ինչ հակառակը կլինի։ Մենք արձանագրում ենք Հայաստանի արդարադատության նախարարության դիրքորոշումը, համաձայն որի՝ ԵՄ-ից հրավիրված մասնագետների աշխատանքն ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ։ Հետևաբար, հայկական կողմից պաշտոնական հրավերի դեպքում, Ռուսաստանը նույնպես պատրաստ կլինի մշակել երկկողմ գծով մասնագետների նմանատիպ խմբի գործուղման հարցը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ ԱՊՀ-ն նույնպես օժտված է ընտրություններին և ընթացակարգերին վերաբերող բոլոր անհրաժեշտ կարողություններով։ Իսկ Հայաստանը, որպես Համագործակցության անդամ, միշտ կարող է աջակցության համար դիմել դրա գործադիր կոմիտեին։

«Ես վստահ եմ, որ նրանց այդ հարցում չեն մերժի»,- ասել է Զախարովան։