Երևանի Նազարբեկյան 26 հասցեում քաղաքապետարանն այսօր որոշել է քանդել ավտոտնակները։ Բնակիչները հավաքվել են բակում և սպասում են քաղաքապետարանի աշխատակիցներին, նրանք իրենց բողոքն են հայտնում են այդ որոշման դեմ։

Բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր ավտոտնակը կառուցվել է 2012–ին, 2021 թվականին դիմել են քաղաքապետարան օրինականացնելու համար, կատարվել է համապատասխան չափագրում, կադաստրում գրանցված է որպես ինքնակամ կառույց, կատարվում են համապատասխան վճարումներ։

«Գոնե կարողանայինք ժամանակի մեջ տեղավորվել և մեր իրավունքներից օգտվելով բողոքարկել, եթե ինչ-որ ոչ իրավաչափ վարչական ակտ կայացվեր։ Ընդամենը երեկ եկել են քաղաքապետարանի աշխատակիցները ուշ ժամի և ասել են, որ այսօր պետք է գան քանդելու։

Քաղաքապետարանը, ինձ թվում է՝ այս պահին ոչ իրավաչափ վարքագիծ է դրսևորել, բնակիչներին պատշաճ չեն ծանուցել մեր իրավունքների մասին։

Թող բերեն, ցույց տան համապատասխան որոշում, համաձայն որի չեն օրինականացնում այդ տարածքները, որպեսզի կարողանանք գործառույթ սկսել հենց քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողությունների դեմ չկա։

Դուք տեսնում եք, որ սա այս տարածքը որևէ մեկին չի խանգարում։ Ինչ վերաբերվում է կանաչապատ տարածքին, այդտեղ ունենք կանաչապատ այգի բնակիչների միջոցներով կառուցված։

Բացի այդ, այստեղ ավտոտնակներից մեկն օրինական է, մյուսը՝ ինքնակամ, քանդելու դեպքում այս մեկ ու կես տարածքներում ո՞նց պետք է կանաչապատում անեն կամ ինչ-որ բան կառուցեն»,–ասաց բնակիչը՝ հավելելով, որ երեկվանից ավտոմեքենաների տերերը սկսել են ազատել ավտոտնակները։

«Ժողովուրդը տարիներով սպասել է ավտոտնակների օրինականացմանը, սպասել է այն քաղաքապետարանին, որին ինքը ընտրել է։ Հիշո՞ւմ եք, ասում էր՝ ասեք կանենք։ Հիմա մենք ասում ենք՝ հիմա քանդում են այն ստեղծածը, որ ժողովուրդը ստեղծել է իր բարեկեցության, իր ընտանիքի համար»,– ընդգծեց նա։