10 տարվա ընթացքում, որ ես եղել եմ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն, մոտավորապես 400 պաշտոնական պատվիրակությունների ենք ընդունել, նախագահների, արտգործնախարարների, խոսնակների, կրոնական առաջնորդների, բացառվում էր որևէ դրվագ, որ ասենք ԱԳՆ–ից կամ պետական արարողակարգից գային հետաքրքրվեին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Նիկոլ Փաշինյանի հրահանգով թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ազատվեց աշխատանքից, քանի որ Արցախի թեմայով գիրք էր նվիրել ԱՄՆ փոխնախագահին։

«Եթե դա լուրջ անվտանգային խնդիր է եղել, թե ինչ ենք մենք պատրաստվում հյուրին հանձնել, դա եղել է հեռախոսազանգով, որը ես ներկայացրել եմ։ Շատ հանգիստ է եղել այն ժամանակ իշխանությունը, որ որևէ արտակարգ իրավիճակ չլինի: Նույնիսկ եթե գալիս էր ՌԴ նախագահ Պուտինը, ես ինքս էի որոշում՝ ինչ պետք է տալ: Երբ 2009–ին Հիլարի Քլինթոնը եկավ, դա պաշտոնական այց չէր, մասնավոր այց էր, ես ինքս եմ որոշել, թե ինչ պետք է տամ՝ հուշանվերի տեսքով, թե գրքի տեսքով։ Եղել է նաև հյուրեր, որ ես տվել եմ իմ հեղինակային գիրքը։

Որևէ սահմանափակում այդ առումով չի եղել, նույնիսկ գրավոր, գաղտնի կամ բաց նման բան չի եղել։ Մենք տվել ենք թանգարանի հրատարակությունները, տվել եմ իմ հեղինակային աշխատանքները՝ մակագրված»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ աշխատանքից ազատվելուց հետո Էդիտա Գզոյանը լռում է, չի մեկնաբանում տեղի ունեցածը, Դեմոյանն ասաց. «Ես ցեղասպանության թանգարանում չեմ աշխատում արդեն ութ տարի, բայց ես չեմ լռում: Ես չեմ լռում գործադիրի, այդ թվում Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայտարարությունների կապակցությամբ: Ես չեմ լռում Հայոց ցեղասպանության թանգարանի շուրջ տեղի ունեցած կրիմինալ գործունեության վերաբերյալ, որի փաստերը ես պարբերաբար ստացել և լրացրել եմ աշխատանքի վերջին տարիներին և դրանից հետո։

Ես կարող էի լռել, ապրել հանգիստ կյանքով, չէ, չթաթախվել դատաիրավական մեր կոռուպցիոն համակարգի հետ, վատամարդ չլինել շատ տարբեր անձանց հետ, բայց ես չեմ լռում, որովհետև սկզբունքներ կան ինձ մոտ, որոնք ես չեմ դավաճանում։

Եթե Էդիտա Գզոյանի պարագայում վարվել են այսպես, ապա գիտնականի և քաղաքացիական գիտակցությունը բերում է մի կարևոր հանգրվանի՝ հանրային հաշվետվողականություն։ Դու հանրային մարդ ես եղել, զբաղեցել ես այդ կարևոր պաշտոնը, ուրեմն պետք է գիտակցեիր, որ այդ պաշտոնում լինելու ժամանակ և նույնիսկ դրանից հետո դու պարտավոր ես առնվազն հանրությանը իրազեկել, թե ինչ է տեղի ունեցել և ինչ հանգամանքներում, և տաս քո գնահատականը, որ դու չես ընդունում, դու համաձայն չես»։

Հայկ Դեմոյանի գնահատմամբ, Էդիտա Գզոյանի  հանդեպ վերաբերմունքը եղել է անմարդկային, հակաօրինական, հակասահմանադրական, անբարոյական. «Սա անբարոյականության դաշտի մեջ պիտի դիտենք, որովհետև որևէ մեկը չի կարող գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի վրա բռնանալ նման ձևով, ըստ որում բառերի ընտրությունն էլ չկարողանալով ճիշտ մատուցել լրագրողներին։ Ի՞նչ է նշանակում՝ «ես եմ խնդրել, իմ ցուցումով»։ Ու՞մ ես խնդրել, Էդիտա Գզոյանի՞ն, թե՞ խնդրել ես ԿԳՄՍ նախարարին, որ փոխանցի քո ցուցումը։ Վարչապետը չպիտի խնդրի, ի՞նչ է նշանակում՝ բարեկամաբար ես խնդրել։ Որովհետև պետք է հաշվետվություն տաս Ալիևի՞ն կամ ամերիկյան կողմին։ Հանրագումարում մենք ունենք ամոթալի, ստոր, սկանդալ, որը հերթական անգամ ՔՊ-ն, ի դեմս առաջին դեմքի, բորբոքեց Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի շուրջ։