ՔՊ–ի կողմից մարզերում իրականացվող քարոզարշավը ունի հստակ հասցեատեր, դա այն ընտրազանգվածն է, որը պետք է ձայն տա գործող իշխանությանը, սրանով ուղերձ է հղվում, որ ամեն ինչ նորմալ է, մենք խաղաղ ենք, որևէ խնդիր չունենք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց արևելագետ Գոռ Գևորգյանը։
«Երկրորդը, ես փոքր տարիքից հիշում եմ, որ երբ մեր շենքի որևէ շքամուտքից լուր էինք ստանում, որ մարդ է մահացել, մեր ծնողները ասում էին՝ չաղմկեք, հեռուստացույցի ձայնը չբարձրացնեք և այլ, կար ընդհանուր այդ համերաշխությունը ապրումակցելու։ Հիմա ՔՊ–ի այս քարոզարշավը մեկնարկեց հենց այն օրը, երբ Իրանում զոհվեցին աշակերտուհիներ և դա իրականում մեծագույն աղետ էր։ Հարևանի երկրում տեղի ունեցող ողբերգությանը պարտավոր ես վշտակցել, մանավանդ դա այն երկիրն է, որը տասնամյակներ շարունակ միշտ օգնության ձեռք է պարզել մեզ։ Տեղի ունեցածը շատ ամոթալի էր։ Զուտ ռեալ պոլիտիկի տեսակետից ևս դա անտրամաբանական է և չի համապատասխանում այն բովանդակությանը, որը որ պետք է որդեգրի մեր պետությունը»,–ասաց նա։
Անդրադառնալով իշխանության կողմից հնչող հայտարարությանը, որ միայն ՔՊ–ն է, որ խաղաղություն է բերում, եթե ՔՊ–ին չընտրեն, պատերազմ կլինի, Գոռ Գևորգյանը դա համարեց աբսուրդի հասնող մանիպուլյատիվ հռետորաբանություն է. «Դա նախընտրական քարոզի մաս կազմող շահարկում է, որը իրականությանը չի համապատասխանում։ Նախ, խոսել արժանապատիվ խաղաղությունից, չի նշանակում ռևանշիզմ և չի նշանակում քարոզել պատերազմ։
Չկա այսօր որևէ ողջամիտ մարդ Հայաստանում, ով փորձի մտածել, որ վաղը պատերազմն անխուսափելի և անհրաժեշտ է Հայաստանի համար, չկա։ Մենք պատրաստ չենք այս պահին որևէ պատերազմի մասին խոսելու, բայց նաև պետք է պատրաստ լինել խոսելու արժանապատիվ և իրական խաղաղության մասին։ Բոլորը, որոնք իրապես մտածում են Հայաստանի Հանրապետության շահի մասին, այսօր կանգնած են խաղաղության կողքին՝ առանց նսեմացնելու ազգային արժանապատվությունը և մեր պետական ինքնիշխանությունը»,–ասաց նա։
Արևելագետը նկատեց, որ Արցախյան շարժման մասին հանրային հարթակում տարբեր մարդիկ կարող են խոսել, և դա պատերազմի քարոզ չէ. «Այլ բան է, որ դա պետական քաղաքական օրակարգից տեղափոխվել է այլ հարթակ։ Պետական քաղաքական օրակարգն է համարվում դրսի ուժերի համար ընկալելի օրակարգ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ փոխնախագահին Արցախի թեմայով գիրք նվիրելու համար Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին աշխատանքից ազատելուն, Գոռ Գևորգյանն ասաց. «Դա աբսուրդի ժանրից է։ Հիմա այդ ազատմանը պետք է լինի համապատասխան արձագանք այն բոլոր մասնագետների կողմից, որոնք որևէ կերպ առնչություն ունեն այդ նեղ մասնագիտական խնդրին, դրանք կլինեն թյուրքագետներ, ցեղասպանագետներ, պետք է ինչ-որ համապատասխան արձագանք լինի։ Ցավոք սրտի, հիմա չկա այդ հասարակական ըմբոստություն չէ, այդպիսի մտավորականություն չունենք, դա փաստ է»։
Հարցին՝ համակերպվե՞լ է հանրության մտածող հատվածը այս իրավիճակի հետ, հնչեց պատասխան. «Հունիսի 7–ին պարզ կլինի։ Այս պահին չեմ կարող որևէ հստակ բան ասել, միայն կարող եմ ասել, որ դժգոհությունը շատ մեծ է։
Եթե հասարակությունը իրականում գիտակցում է հարցերը մեկ րոպե շուտ կարգավորման գործընթացի մեջ տեղափոխելու առումով, ուրեմն ինքը իր դիրքորոշումը հունիսի 7–ին կհայտնի։ Եվ դա կլինի ամենապարզ, այսպես ամենահստակ առհավատյան։
Այս իշխանությունները քարուքանդ են արել պետական հենասյուները, և դրանից հետո ինչի՞ մասին խոսես։ Դուք տեսե՞լ եք, օրինակ, Հայաստանում չքավորության սահմանից այն կողմ քանի մարդ է ապրում, դուք տեսե՞լ եք գնաճն ինչ աստիճանի է, համեմատե՞լ եք տարածաշրջանի այլ երկրների հետ։ Հյաստանում սոցիալական բևեռացումը ծայրաստիճան խորացել է, միջին խավը գրեթե շուտով կարող է ընդհանրապես վերանա»,–ասաց Գոռ Գևորգյանը։
Նա հայտարարեց, որ մեզ ուժեղ Հայաստան է պետք. «Ոուժեղ Հայաստանը» մեր բառապաշարի խոսքն է, դա որևէ կուսակցության սեփականաշնորհած բառը չի։ Հզոր, ուժեղ, կայուն, մարտահրավերներին դիմակայող, այլ ոչ թե հատվածական, իր փոքր սողանցքը գտնելու, տեղավորվելու, որպեսզի արանքից ինչ-որ մի բան փախցնի։ Մեզ համակարգված, նորմալ պետություն է պետք՝ բարձր կրթական նշաձողով, նորմալ գիտելիքներով»։











