Հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ՝ Հայաստանում նկատվում է նաև հինդի լեզվի (հնդկերեն) նկատմամբ հետաքրքրության աճ: Թեև հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում, այսօր այլևս հնդկերեն լեզու չեն դասավանդում, սակայն կան կենտրոններ, որտեղ հնարավոր է կարճ ժամանակում սովորել հինդի լեզուն: Վերջին յոթ տարում «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, Հնդկաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանում իրականացնում է հինդի լեզվի դասընթացներ:

NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացա՞ր» ալիքի «EXPERT» հաղորդման շրջանակներում հինդի լեզվի թարգմանիչ, ուսուցիչ Գայանե Նաջարյանը պատմեց, որ Հայաստանում որոշ մարդիկ հնդկերեն են սովորում բոլիվուդյան ֆիլմերի ազդեցությամբ, ոմանք՝ փիլիսոփայությունն ուսումնասիրելու նպատակով, մի մասն էլ պարզապես հետաքրքրված է յոգայով կամ ցանկանում է ընդլայնել աշխատանքի հնարավորությունները, և ինչու չէ՝ նաև ամուսնության նպատակով:

Թարգմանչի խոսքով՝ որպես հնդեվրոպական լեզվաընտանիքի ներկայացուցիչներ, հայերենն ու հնդկերենն ունեն փոխառություններ և բառեր, որոնք նույնական են մեր լեզվամտածողությանը:

«Նավ, պանիր, հազար, գազար… Թեև այս բառերի հնչյունաբանությունը հնդկերենում մի փոքր տարբեր է, սակայն դրանք նույն իմաստն ունեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ առկա են նաև քերականական նմանություններ:

«Հնդկաստանի հիմնական և ամենատարածված գիրը, որով գրվում են հինդին, սանսկրիտը և մի շարք այլ լեզուներ, կոչվում է դևնագարի: Այն դժվար է թվում այն առումով, որ կան շատ միանման տառեր, որոնք հիշելը հաճախ բարդ է, սակայն ժամանակի ընթացքում աշակերտներն ու ուսանողները սկսում են ավելի հեշտ յուրացնել և չեն շփոթում: Հնչյունաբանության հետ կապված խնդիրներ առաջանում են այն պատճառով, որ դևնագարիում կան կրկնակի և եռակի հնչյուններով տառեր, որոնք դժվար է արտասանել, սակայն պարբերաբար վարժվելիս այդ խնդիրը ևս հարթվում է: Իսկ քերականական խնդիրները հիմնականում հաղթահարելի են, քանի որ հայերենի և հինդիի քերականական կառուցվածքները հաճախ նման են»,- ասաց Նաջարյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում: