NEWS.am-ի հարցազրույցը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ:
Պարոն դեսպան, ի՞նչ կարծիք ունեք հրադադարի ապագայի մասին, հատկապես հաշվի առնելով, որ այսօր Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանին։
Հենց սկզբից որոշ միջնորդների կողմից բարի կամքի նախաձեռնություններ եղան՝ փորձելու վերջ տալ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ այս ագրեսիային։ Իրանի հիմնարար դիրքորոշումն այն է, որ միայն հրադադարը բավարար չէ։ Պետք է դադարեցվի մեր երկրի դեմ հակամարտությունը։ 12-օրյա պատերազմի ժամանակ մենք արդեն փորձել ենք նման հրադադար, և այն բավականին փխրուն էր. դուք ինքներդ տեսաք, որ վեց ամիս անց Միացյալ Նահանգները և իսրայելական ռեժիմը կրկին հարձակվեցին մեր երկրի վրա, ինչը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ծանր ընտրություն և ծանր ագրեսիա էր։ Հետևաբար, մեր երկրի հիմնարար դիրքորոշումն այն է, որ պետք է իրական երաշխիքներ լինեն, որ այս ագրեսիան նորից չի կրկնվի։ Բացի այդ, ցանկացած դադար հակամարտության մեջ պետք է ներառի նաև Լիբանանը։ Ուստի Միացյալ Նահանգները պետք է ստիպեն սիոնիստական ռեժիմին հասկանալ, որ եթե թշնամությունն ու հակամարտությունը պետք է դադարեն, ապա Իսրայելի սիոնիստական ռեժիմը նույնպես պետք է պարտավորություններ ունենա։ Ցավոք, այսօր մենք ականատես ենք լինում սարսափելի հարվածների Լիբանանի ժողովրդի դեմ՝ Բեյրութի հարավում, և շատ մարդիկ են զոհվում։ Հետևաբար, հակամարտության ավարտի որևէ հնարավորություն կա միայն այն դեպքում, եթե։բոլոր կողմերը պետք է ստանձնեն պարտավորություններ։
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դիրքորոշումը պատերազմի ընթացքում։
Մենք մշտական կապի մեջ ենք եղել հայ պաշտոնյաների հետ տարբեր ոլորտներում, և հայկական կառավարությունը բավականին օգտակար է եղել մարդասիրական օգնության տեսանկյունից՝ մասնավորապես այն քաղաքացիների տեղափոխման հարցում, ովքեր կարիք ունեին Իրան վերադառնալու, կամ Հայաստանի տարածքով այլ երկրներ մեկնելու համար։ Մենք նաև ստացանք մարդասիրական օգնության բեռներ՝ դեղամիջոցներ և սնունդ, և ոչ միայն հայկական կառավարությունից, այլ նաև հայկական մասնավոր ընկերություններից եւ հայ քաղաքացիներից։
Քանի որ խոսեցիք մարդասիրական օգնության մասին. ռմբակոծությունն այժմ Իրանում դադարեցված է, սակայն դեռ հազարավոր վիրավորներ կան։ Արդյո՞ք հայկական կողմի հետ քննարկումներ են եղել, օրինակ, Հայաստանից բժիշկներ ուղարկելու մասին՝ վիրավորներին օգնելու համար։
Իրականում, առողջապահության ոլորտում Իրանն ունի բարձրակարգ մասնագետներ՝ բժիշկներ, բուժքույրեր, ինչպես նաև զարգացած առողջապահական համակարգ, և Իրանի Կարմիր Մահիկ ընկերությունն ակտիվ ու դինամիկ աշխատում է։ Այս ոլորտում նաեւ հազարավոր կամավորներ աջակցության պատրաստակամություն են հայտնել։ Ուստի այդ հարցում ոչ մի խնդիր կամ մարտահրավեր չկա։ Իհարկե, մենք մեծապես գնահատում ենք Հայաստանից ստացած համերաշխության բոլոր դրսեւորումները, ինչպես նաև շատ այլ բարեկամ ազգերից ստացած աջակցությունը մեր երկրի դեմ ռազմական գործողությունների այս ժամանակահատվածում։ Մենք շարունակում ենք գնահատել դա և բոլորի հետ կապի մեջ ենք։
Տեղեկություններ կան, որ Իրանում հայկական թաղամասեր են ռմբակոծության ենթարկվել, և հարձակման հետևանքով զոհվել է առնվազն մեկ հայ։ Արդյո՞ք կան լրացուցիչ տեղեկություններ, օրինակ, Իրանում վնասված հայկական ենթակառուցվածքի կամ այնտեղ գտնվող հայերի մասին։
Միացյալ Նահանգների և Իսրայելի հարվածների հետևանքով կան հայ քաղաքացիներ, ովքեր, ցավոք, անօթևան են մնացել։ Բացի այդ, կան հայկական օվայրեր, ոչ միայն բնակելի տներ, այլ նաև մշակութային վայրեր և նույնիսկ եկեղեցիներ, որոնք ինչ-որ չափով վնասվել են ագրեսորների կողմից հարվածների հետեւանքով։ Եվ այո, ինչպես նշեցիք, Սպահան քաղաքում ցավոք ունեցանք նաև մեկ իրանահայի զոհ։ Իրանի հայ համայնքը ևս ցույց տվեց իր համերաշխությունն ու հայրենիքի պաշտպանության վճռականությունը, ինչպես եղել է միշտ պատմության ընթացքում։
Մինչեւ փետրվարի 28–ին պատերազմի սկսվելուց առաջ, բանակցություններ էին ընթանում Հայաստանի և Իրանի ռազմավարական գործընկերություն ստորագրելու շուրջ։ Այդ բանակցությունները, իհարկե, կասեցվեցին պատերազմի պատճառով։ Ի՞նչ ակնկալիքներ ունի Թեհրանն այդ կապակցությամբ այժմ։
Սա Իրանի համար ամենաբարդ, ամենածանր իրավիճակն է եղել։ Ուստի առաջնահերթությունը ինքնապաշտպանությունն էր, մեր հողի, տարածքի ու արժանապատվության պաշտպանությունը ագրեսորների դեմ։ Այնուամենայնիվ, ոչ միայն Հայաստանի, այլ նաև բազմաթիվ այլ գործընկերների ու բարեկամների հետ մենք ունեինք բազմաթիվ օրակարգային հարցեր 2026 թվականի համար, որոնց շուրջ կրկին կսկսենք բանակցություններ վարել։ Հայաստանի հետ ևս ունենք կարևոր ծրագրեր, ինչպես արդեն նշեցիք, և հակամարտության ավարտից հետո շուտով կվերադառնանք բոլոր այդ օրակարգային հարցերի վերաքննարկմանն ու վերապլանավորմանը։
Դիանա Առուշանյան











