Մեր և իշխանությունների հաղթելու շանսերը շատ մոտ են, սակայն ամեն ամիս մենք բնակչության շրջանում վերաբերմունքի փոփոխություն ենք տեսնում դեպի մեր ուժը։ Դա հիմք է տալիս տեսնելու, որ Հայաստանում մեծ փոփոխություններ են լինելու։ Դրա մասին ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարում հայտարարել է քաղաքական ուժի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Բնակչության 70%-ը փոփոխություններ է ուզում։ Մենք տեսանք, թե ինչ արեցին և ինչ չարեցին իշխանությունները 8 տարվա ընթացքում, թե ինչ հանձնեցին հակառակորդին։ Դա հասարակության մեջ խոր հիասթափության է առաջացրել։ Այսօր ես Աշտարակում էի և կարող եմ ասել, որ 10 քաղաքացուց 7-ն ընդդիմադիր հայացքներ ունի, նրանցից 4-ը կորցրել են հույսը, քանի որ նախկինում հավատացել են Փաշինյանին և կարծում են, թե բոլոր քաղաքական գործիչները նույնն են։ Բայց ես ուզում եմ նրանց հիշեցնել, որ մենք նոր քաղաքական ուժ ենք և պատասխանատվություն չենք կրում անցյալի քաղաքական ժառանգության համար»,- հավելել է Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ Սամվել Կարապետյանը միշտ կատարել է իր խոստումները.
«Սամվել Կարապետյանը մինչ այս էլ միջոցներ էր ուղարկում Հայաստան և իր հնարավորությունների սահմաններում հարցեր էր լուծում հօգուտ Հայաստանի, սակայն միաժամանակ բնակչության աղքատության մակարդակի տեսանկյունից «տեղում» փոփոխություններ չեղան։ Հայաստանում ամեն հինգերորդ մարդն աղքատ է՝ ամսական 60 հազար դրամից պակաս գումար ստանալով»։
Նա տեղեկացրել է, որ Սամվել Կարապետյանն ընդհանուր առմամբ 15 միլիոն դոլար է հատկացրել «Լույս» հիմնադրամի գծով արտերկրում սովորող հայ ուսանողների կրթաթոշակների համար։
«Մենք ունենք գործիչ, ով առաջին անգամ է քաղաքական հայտ ներկայացրել, իսկ Փաշինյանն իր «եռագլուխ ընդդիմության» մասին հայտարարությամբ փորձում է հավասարության նշան դնել այդ ուժերի միջև և ցույց տալ, թե իբր Սամվել Կարապետյանը նոր գործիչ չէ։ Բայց մենք վստահ ենք, որ ընտրություններին բնակչության ակտիվ մասնակցության դեպքում մեծ հաղթանակ կտարվի, և Կարապետյանը մեծ փոփոխություններ կբերի։
Նա քաղաքական դաշտում միակ գործիչն է, ով պատասխանատվություն չի կրում այն ամենի համար, ինչ մինչ այժմ տեղի է ունեցել Հայաստանում. նա միայն օգնել է երկրին, սակայն եղի ունեցածի համար պատասխանատվություն չի կրում»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա հայտնել է նաև, որ իր հայրը երեք տարի խորհրդարանում աշխատելուց հետո վայր է դրել պատգամավորական մանդատը՝ այն ժամանակվա իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով՝ հայտարարելով, որ զանգվածային թալանը երկիրը սխալ ճանապարհով է տանում։
Ըստ նրա՝ վաղուց հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը հատել է երկրի ղեկավարի համար թույլատրելի վարքագծի սահմանները. «Մեր ղեկավարը «մեմ» է դարձել նաև արտերկրում։ Դա անընդունելի է։ Փաշինյանը շատ հեռու է տնտեսությունից ու բիզնեսից, նա չի հասկանում, թե ինչպես են ձևավորվում ընկերությունները։ Ո՛չ աստվածաբանությունը, ո՛չ երաժշտությունը, ո՛չ տնտեսությունը նրա ոլորտները չեն»,- եզրափակել է Նարեկ Կարապետյանը:











