Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում աշխատողների մի մասը, փետրվարի 23-ին, քաղաքի հրապարակում հանդիպել են լրագրողներին ու ներկայացրել իրենց բողոքները, կապված արտահագուստի, սննդի ու անվտանգության նորմերի ոչ ճիշտ պահպանման հետ: Թեեւ աշխատակիցների փոքր մասն է համաձանել խոսել տեսախցիկի առաջ, սակայն ստորագրահավաքին մասնակցել են 100-ից ավել մարդիկ, որոնք հասկանալի պատճառներով խնդրեցին չհրապարակել իրենց անունները:
Նրանք նշում են, որ իրենք ոչ մի բանով ապահոված չեն, սկսած անվտանգության կանոններից, սնունդից ու արտահագուստից: «Հագուստ արդեն քանի տարի է, չեն տրամադրում, համապատասխան սնունդ չկա»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կոմբինատի աշխատակից Գարիկ Ջաղինյանը:
«Այսօրվա դրությամբ գիշերվա ժամը մեկին ֆաբրիկայից աշխատողը ոտքով գնում է տուն, մենք պահանջում ենք, որ մեզ ապահովեն կոնկրետ հագուստով, կոնկրետ սնունդով ու տրանսպորտով»,-ասաց նա:
NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք աշխատակիցները երբեւէ խոսել են տնօրինության հետ, աշխատակիցները պատասխանել են, որ ոչ, քանի որ իրենք վախեցել են կորցնել աշխատանքը. «Մենք այսօրվա դրությամբ այստեղ կանգնած ենք, մենք չգիտենք, վաղը կաշխատենք, թե` ոչ»: Աշխատակիցների վերջին հույսը երկրի նախագահի արձագանքն է:
Աշխատակիցների մատնանշած խնդիրներին իրենց պարզաբանումներն է ներկայացրել կոմբինատի ղեկավարությունը: Մասնավորապես, անդրադառնալով արտահագուստի խնդրին, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրության գծով տնօրեն Լեւոն Վարդանյանն ասաց, որ 2009թ-ի վերջին ձեռնարկությունը ձեռք է բերել բավականին մեծ քանակի բանվորական արտաագուստ, որը բաժանվել է 2010թ-ի սկզբին եւ որոնց օգտագործման ժամկետը լրանում է 2012թ-ի սկզբին: «Ես չեմ հասկանում, թե դա ինչ հարցադրում է, թե բանվորական արտահագուստ չեն տալիս, դուք ինքներդ էլ նայեք, որ բանվորական արտահագուստ տալիս են, ուղղակի մարդիկ կան, որոնք դրանք հագնում են դրսում»,- ասաց նա, ավելացնելով, որ բանվորական արտահագուստը տրվում է բարձր որակի պատրաստված, եւ իրենք 2012թ-ին նախատեսել ու պատվիրել են արդեն ամառային արտահագուստ:
Անդրադառնալով աշխատակիցների պահանջած հատուկ սննդին, վերջինս նշեց, որ հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հավելավճարներ տալով, այսինքն գործատուն պարտավորված չէ հատուկ սնունդ տրամադրել:
Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











