Երգահան Ռուբեն Հախվերդյանն ահազանգում է, որ աշխատանքից բժիշկների են հեռացնում, որպեսզի անդամագրվեն ՀՀԿ-ին. մասնավորապես նրա խնամուն` բժիշկ Արամ Ռոբերտիչին, պարտադրել են անդամագրվել ՀՀԿ-ին: Այս մասին այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` Ռուբեն Հախվերդյանը: Ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը չհավատաց նրան` պահանջելով բերել կոնկրետ փաստեր: Հախվերդյանն էլ հետ չմնաց եւ հենց ասուլիսի ընթացքում զանգահարեց իր ընկեր բժշկի կնոջը, ով բարձրախոսով հաստատեց, որ ամուսնուն պարտադրել են դառնալ ՀՀԿ-ական, այնուհետեւ նույնը հաստատեց նաեւ իր խնամին` Արամ Ռոբերտովիչը:
Հարցին, թե ո՞վ է նման բան պարտադրել, բժիշկը պատասխանեց, որ ժողով են արել, հայտարարել, իսկ Ռուբեն Հախվերդյանը նշեց, որ դա արել է Բժշկական համալսարանի ռեկտորը, իսկ անձամբ խնամուն ասել է վիրաբույժ, իր սանիկ Արտո Սահակյանը:
Մանվել Բադեյանին այլ բան չէր մնում, քան հայտարարել, որ «սա բամբասանքի տարածման հայտնի մեխանիզմ է, Ռուբոյին էլ են ազնիվ մոլորության մեջ գցել»: Նա նշեց, որ նման փաստեր չկան, իսկ եթե լինեն, ինքն անձամբ քաղխորհրդի նիստում դա կբարձրաձայնի:
Երգահանի խոսքով` մեզ մոտ երեք իշխանությունների շնորհիվ կորավ քաղաքային կուլտուրան, որի մեջ մտնում է կանաչապատում, անճաշակ կառուցապատումը, քաղաքի ինտելիգենտ մասսան հեռացավ, իսկ միակ հույսը երիտասարդներն են, բայց իրենք էլ պիտի գլոբալ հարցերին ուշադրություն դարձնեն, օրինակ` «էս իշխանություններից պահանջեն հրաժարական տալ, որովհետեւ նրանք չեն կարողանում կառավարել»:
Ազնիվ իդեալների մասին խոսող Մանվել Բադեյանին լրագրողները հարց տվեցին, թե ազնիվ իդեալներից ելնելո՞վ են իր կուսակիցները քվեարկում ուրիշի փոխարեն, ինչին ի պատասխան պատգամավորը խորհուրդ տվեց խորաթափանց լինել:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի











