ՀԱԿ-ը ներկայացնում է մի ամբողջ համաժողվրդական շարժում, ուստի Կոնգրեսի համամասնական ցուցակ կազմելու խնդիրը, գոնե առաջին հայացքից, անհամեմատ ավելի բարդ պետք է լինի, քան` որեւէ այլ կուսկացության: Այս մասին, այսօր` փետրվարի 24-ին, քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

Նրա խոսքով, իրենց համար ԱԺ ընտրությունները սոսկ խորհրդարանական ընտրություններ չեն: «Մենք արդեն հայտարարել ենք, որ ընտրական գործընթացը մենք դիտում ենք որպես միջոց, հնարավորություն ՀՀ-ում սահմանադրական կարգը վերականգնելու եւ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի համամասնական ցուցակին, նա նշեց. «Այո, մենք այն պատրաստում ենք եւ ամենօրյա քննարկումների մեջ ենք: ՀԱԿ-ի ցուցակը կհրապարակենք շատ ավելի վաղ, քան նախատեսված է օրենքով եւ հանրությունը հնարավորություն կունենա դատել , որը միգուցե կբերի փոփոխությունների, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:

Հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու ուղիները, ՀՀՇ փոխնախագահը պատասխանեց. «Այնտեղ մի քանի տարբերակ կա: Տարբերակ 1. Կոնգրեսը ստանում է ԱԺ-ում ձայների մեծամասնություն եւ նախաձեռնում իմպիչմենտի գործընթաց: Տարբերակ 2. Կոնգրեսն ԱԺ-ում այլ քաղաքական ուժերի հետ միասին կազմում է մեծամասնություն եւ սկսում իմպիչմենտի գործընթաց եւ տարբերակ 3. մինչեւ ընտրությունների սկսվելը Կոնգրեսը կազմակերպում է այնպիսի հասարակական ալիք, որ մինչեւ ընտրությունները կազմակերպում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսինքն տարբերակները շատ են եւ, եթե մինչեւ ԱԺ ընտրություններ գործընթացը չի ավարտվում, ապա ԱԺ-ում գործընթացը շարունակություն է ունենալու»:

Նա անդրադարձավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության հայտարարությանը, ըստ որի առաջիկա ընտրություններին այդ կուսակցությունից մասնակցելու է միայն մեկ մարդ` Արամ Սարգսյանը, լիներով ՀԱԿ-ի համամասնական ցուցակում: «Միգուցե գայթակղություն կա ենթադրելու, մամուլում այլ մեկնաբանություն անելու համար, բայց ես այդտեղ որեւէ այլ մեկնաբանություն չեմ ուզում անել, չեմ էլ տեսնում: Ես համարում եմ, որ իմ ընկերներն իրենց քաղաքական որոշումն են կայացրել եւ իրենք իրենց այդպես են տեսնում: Իսկ Կոնգրեսում պարտադրված որոշումներ չեն լինում: «Հանրապետություն» կուսակցությունն իր համար ընտրում է այս ճանապարհը: Երեկ Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ մի փնտրեք սեւ կատու մութ սենյակում մանավանդ, որ նա այդտեղ չէ: Ես կրկնում եմ նրա խոսքերը»: