Տավուշի մարզի մի շարք համայնքներով հոսող Աղստեւ գետի խայտառակ վիճակին վերաբերող NEWS.am-ի հրապարակումից հետո Իջեւանի քաղաքապետարանի կոմունալ բաժինը քաղաքապետի որոշմամբ աշխատանքներ է  իրականացնում գետի հունի մաքրման ուղղությամբ (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզի Իջեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ, կոմունալ ծառայությունները համակարգող բաժնի տնօրեն Սամվել Չիբուխչյանը տեղեկացրեց, որ բացի այն, որ Աղստեւի մաքրման հարցը կար նաեւ քաղաքապետի նախընտրական ծրագրում, սակայն հարցի լուծումն արագացրեց նաեւ մեր հրապարակումը. «Աղստեւ գետը մաքրում ենք կոմունալ բաժնի ուժերով, աղբի մի մասը դուրս ենք հանում գետից, մի մասն էլ ափից լցնում ենք գետ, որ քշի տանի,-ասաց Սամվել Չիբուխչյանը:

Ըստ նրա, գետի հունի մաքրման աշխատանքներն իրականացվում են Իջեւան քաղաքի մուտքից մինչեւ Գետահովիտ գյուղի տարածք: «Աշխատանքներն ավելի շուտ պետք է սկսեինք, սակայն եղանակային պայմաններր խանգարեցին»,-ասաց նա:

Գետի մաքրման աշխատանքները կատարվում են բանվորների միջոցով, որոնք բահերով մաքրում են ափին կուտակված աղբն ու լցնում գետի վարար մասը, հուսալով, որ գետն իր հետ կքշի կտանի աղբը: «Դե շուտով վարարումները որ կլինեն, էլ աղբ չի լինի, մենք պարզապես չենք կարող էդքան աղբը հեռացնել գետից, քանի որ տեխնիկապես դա հնարավոր չէ»,-ընդգծեց նա:

Ի դեպ, Սամվել Չիբուխչյանի փոխանցմամբ, իրենք արդեն իսկ զգուշացրել են գետաբերանին կառուցված օբյեկտների տերերին եւ բազմաբնակարան շենքերի բնակիչներին, որպեսզի որեւէ տեսակի աղբ չլցնեն գետը, հակառակ դեպքում իրենք վարչական վարույթ կսկսեն կիրառել այդ մարդկանց հանդեպ:

Հիշեցնենք, որ Աղստեւը  Հայաստանի խոշորագույն գետերից է եւ համարվում է Տավուշի մարզի ջրային զարկերակը: Սակայն Իջեւան քաղաքի եւ տարածաշրջանի մի շարք համայնքների համար ծառայում է որպես աղբավայր, որի մեջ  է թափվում ինչպես կենցաղային, շինարարական, այնպես էլ օրգանական ու ու քիմիական թափոններ:

Հարակից շենքերի բնակիչներն աղբը գետն են նետում հենց պատուհաններից, գետաբերանին կառուցված հասարակական սննդի օբյեկտների եւ շուկաների աշխատակիցները սննդի մնացորդները, մորթած անասունների ներքին օրգաններն ու արտաթորանքը լցնում են գետը, հույսները դնելով հեղեղումների վրա, մտածելով, որ գետի վարարումների ժամանակ ջուրն այդ ամենը կքշի կտանի դեպի հարեւան Ադրբեջան:


Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի