«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանին խոցել է Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի այն հայտարարությունը, թե Նարեկ Հարթունյանի գործը տիպիկ սփյուռքահայերի գործերից է, ովքեր Հայաստանը դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր եւ դա ուղեկցվում է հարկերը չվճարելով: Այս մասին այսօր` փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսում նշեց ինքը` Նարեկ Հարթունյանը:

«Հարգելի պարոն Ալավերդյան, մեղմ ասած վիրավորական է ինձ համար այդ հայտարարությունը եւ Դուք արդեն խաղում եք մեր ընտանիքի արժանապատվության հետ: Մեկ տարուց ավելի է, ինչ մեր ընտանիքի արժանպատվությունը ոտնահարում են»,-ասաց նա:

Հարթունյանը խոսեց իրենց ընտանիքի բարեգործությունների մասին եւ ընդգծեց, որ իր սրտով չէ այդ մասին բրձրաձայնելը, քանի որ իր հայրը մշտապես ասել է, որ եթե բարի գործ ես անում, մի խոսիր այդ մասին: «Բայց ես ստիպված եմ խոսելու շատ բաների մասին, որ պետք է չխոսեի: Հարգելի Պարոն Ալավերդյան, մեր բարեգործությունը սկսվել է շատ ավելի վաղուց, 1940-1950 թվականներից` Հալեպում: Դուք կարող եք ճշտել, թե մեծ հայրիկս ինչեր է կառուցել, իսկ հայրիկիս բարեգործությունը Հայաստանում սկսել է 1950թ-ից զանազան ոլորտներում` Քնարավանի կառուցումը մորս հիշատակին, հաջորդաբար «Նարեկացի» արվեստի միությունները Շուշիում եւ Երեւանում: Եվ այս ամենը բիզնեսից չեմ թխել, այլ եղել է մեծ հայրիկիս միջոցներով»,-ընդգծեց Նարեկ Հարթունյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ի քննչական վարչության վարույթում քննվող քրգործով «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ տնօրեն Նարեկ Հարթունյանին, հաշվապահ Արթուր Գալստյանին 2011թ. դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ, 38-205 հոդվածի 2-րդ(առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել) եւ 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, որը կատարվել է խոշոր չափերով(փողերի լվացում)), իսկ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին` 38-205 հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակել) եւ նրանց նկատմամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Երկու օր անց, սակայն փոխվել է նրանց խափանման միջոցը եւ նրանք ազատ են արձակվել:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի