Երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, եւ երգչուհի Ալլա Լեւոնյանը պատրաստ են մասնակցել նախընտրական քարոզարշավին, եթե առաջարկեն: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասացին նրանք: Արսեն Գրիգորյանը նշեց, որ ինքն անձամբ մասնակցում է քարոզարշավներին եւ չի խուսափում դրանից: «Ես երգում եմ ժողովրդի համար, ես չեմ երգում կուսակցության համար: Այդտեղ որեւէ հանցագործություն չկա, մենք չենք ելնում բեմ եւ ասում՝ ընտրեք այսինչ կուսակցությանը: Ես քաղաքական գործիչ չեմ»,- ասաց երգիչը՝ հավելելով, որ նախընտրական քարոզարշավին բոլորն էլ մասնակցում են, բայց հենց ընտրարշավը մոտենում է, լրագրողները ամեն անգամ երգիչներին են հարցնում: Մրոն հավելեց, որ ունի իր քաղաքացիական վերաբերմունքը, եւ քարոզարշավներին մասնակցությունը լինում է իր կամքով եւ համակրանքով:
Իսկ երգչուհի Ալլա Լեւոնյանը նշեց, որ ամենուր ընդունված է երգիչների մասնակցությունն ընտրարշավներին: Նա նշեց, որ դեռ առաջարկ չի եղել որեւէ ուժի կողմից, բայց եթե լինի, դեմ չէ մասնակցությանը: «Եթե թշնամի չէ, ինչու պիտի չերգեմ իմ երկրի, պետականության համար: Ուրեմն կա ինչ-որ գաղափարական համակրանք, որ գնում ենք, բայց մենք ժողովրդի հետ ենք, պետք չէ մեզ կապել կուսակցությունների հետ, ես գնում եմ այն առաջարկին, որին գտնում եմ ճիշտ»,- հավելեց երգչուհին:
NEWS.am-ի հարցին, թե ինչո՞ւ մյուս հարցերում եւս քաղաքացիական ակտիվություն չեն ցուցաբերում, օրինակ ամեն հինգշաբթի Կառավարության մոտ բանակում մահացած զինվորների համար կազմակերպվող ցույցերին ինչու չեն մասնակցում, նրանք պատասխանեցին, որ «երգիչը բանակում է երգում, սահմանի վրա, երբ իրենց վրա կրակում են», դրանից բացի՝ մասնակցում են բազմաթիվ բարեգործական ակցիաների եւ այլն:
Նշենք, որ թե Ալլա Լեւոնյանը եւ թե Արսեն Գրիգորյանը մասնակցել են նախընտրական քարոզարշավներին Հյաաստանի հանրապետական կուսակցության կողմից:
Նկատենք, որ սովորաբար հայ երգիչ-երգչուհիները երգում են միայն իշխանությունը ներկայացնող կուսակցությունների ընտրարշավների շրջանակում:











