Տավուշի մարզի սողանքային գոտում գտնվող Գետահովիտ համայնքում վիճակը գնալով ավելի է վատացել: Եղանակների տաքացման պատճառով ձնհալ է սկսվել, ջուրը փափկեցրել է հողը ու սողանքներն ավելի են ակտիվացել: Այս մասին NEWS.am-ի Տավուշի մարզի թղթակցի հետ զրույցում ասաց Գետահովիտ համայնքի ղեկավար Սարգիս Ղազարյանը:
Գյուղապետի փոխանցմամբ, կիրակի օրը վարչապետ Տիգրան Սարգսյանի Տավուշի մարզ այցելության ժամանակ ինքը բարձրացրել է համայնքի խնդիրը, վարչապետն առաջարկել է գրավոր դիմել, հիմա պատասխանի է սպասում: «Ես նամակներ եմ գրել, բայց դեռ սպասում եմ, չգիտեմ, երեւի մինչեւ ամսի 10-ը կպատասխանեն»,-ասաց նա:
Սագիս Ղազարյանը տեղեկացրեց նաեւ, որ այս ընթացքում համայնքն իր միջոցներով եւս մեկ ընտանիքի է տարհանել սողանքվտանգ գոտուց, քանի որ ամեն պահի տունը կարող էր փլվել: Ընդհանուր առմամբ, մինչ այս պահը համայնքի միջոցներով տարհանվել եւ բնակմակերեսով ապահովվել է 2 տնտեսություն, եւս 90 տնտեսություն ենթակա են տարհանման «Բնակիչները ահ ու սարսափով ապրում են, գնալու տեղ չունեն, թե չէ վաղուց կլքեին ու դուրս կգային իրենց տներից, համայնքն էլ հնարավորություն չունի, որ էդքան տուն վարձի»,-ասաց Գետահովիտ համայնքի ղեկավարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռեւս 2011-ի հունիսի 4-ին, Գետահովիտ գյուղի հին գերեզանատան վերեւի թաղամասում ակտիվացել էին սողանքային երեւույթները, ինչի հետեւանքով այդ ժամանակ սողանքային վտանգավոր գոտում էին հայտնվել 6 բնակելի տուն 30 բնակչով:
Նշենք, որ 2011թ-ի նոյեմբերի 18-ին կատարված Գետահովիտ համայնքի ակտիվացած սողանքի ակնադիտական ուսումնասիրության եզրակացության մեջ նշված է, որ Գետահովիտ համայնքի հին գերեզանատան վերեւի թաղամասի սողանքային տարածքն ընդգրկում է մոտ 5 հա մակերես, որն ընդգրկված է նաեւ հանրապետությունում առավել ակտիվ սողանքային տեղամասերի ցանկում:
Ակնադիտական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սողանքային գոտում գտնվող բնակելի տների կոնստրուտկտիվ տարրերում առաջացել են զգալի, իսկ որոշ տեղերում ուժեղ վնասվածքներ, դեֆորմացիաներ, քարաշարվածքով պատերում էլ մինչեւ 20մմ բացվածքի լայնությամբ միջանցքի ճաքեր:
«Հաշվի առնելով այն հանգանանքը, որ այդ տները գտնվում են ակտիվ սողանքային գոտում, որտեղ իրականացված չեն հակասողանքային միջոցառումներ եւ նպատակահարմար չէ իրականացնել նշված բնակելի տների վերականգնման աշխատանքներ, մասնագետներից կազմված խումբը տվել է եզրակացություն, ըստ որի դրանք հանդիսանում են բնակության համար վտանգավոր: Նույն եզրակացության վերջաբանում ասված է նաեւ, որ առաջնահերթ անհրաժեշտ է իրականացնել սողանքից վնասված եւ վթարային վիճակում գտնվող անհատական բնակելի տների բնակիչների վերաբնակեցում` տարհանում»,-ասված է 2011թ-ի նոյեմբերի 18-ին ակնադիտական ուսումնասիրության եզրակացության մեջ:
Էդվարդ Արզումանյան








Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի











