Հայաստանում անցկացված վերջին մարդահամարի տվյալներով` 2001 թվականի 15-ից բարձր տարիքի բնակչության շրջանում 393 452 տղամարդկանցից երբեք չեն ամուսնացել 124 325-ը կամ 31,6 տոկոսը, իսկ 477 050 կանանցից երբեք ամուսնացած չեն եղել 122 879-ը, կամ 25,7 տոկոսը: Այս մասին NEWS.am տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից:
Չամուսնանալու կամ ուշ ամուսնանալու պատճառները յուրաքանչյուրի մոտ տարբեր են: «Ամուսնություն եւ ընտանիք» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրեն հիմնականում դիմում են մարդիկ, ովքեր այնքան են զբաղված եղել աշխատանքով, որ անձնական ծանոթությունների համար ժամանակ չեն ունեցել: Նրա խոսքով, արդեն 9 տարի գործող կենտրոնի միջոցով, յուրաքանչյուր եռամսյակում 10-12 զույգ է ամուսնանում, իսկ 9 տարիների ընթացքում այդպիսի զույգերի թիվը հասնում է 500-ի:
«Ամուսնություն եւ ընտանիք» կենտրոն այցելության պահին մենք հանդիպեցինք Դիանային, ով եկել էր գործակալությունից իր նկարը հետ վերցնելու, քանի որ նույն գործակալության միջոցով արդեն գտել էր իր երկրորդ կեսին: Գործակալությանը 1 տարի առաջ էր դիմել, սակայն մեկ ամիս առաջ է հանդիպել իր ընտրյալին: Մինչ այդ եւս մի քանի տղաների է հանդիպել, միջոցառումների մասնակցել, սակայն ընդհանուր հետաքրքրություններ չեն եղել, հետեւաբար հարաբերությունները չեն լրջացրել: Աղջիկը ավարտել է Բրյուսովը համալսարանը, ներկա պահին աշխատում է «Երեւան Գազ» ընկերությունում, իսկ տղան` քաղաքապետարանում:
Արտակը հավանելով մի քանի լուսանկարներ, այդ աղջիկների հեռախոսահամարները վերցրել է եւ առաջինն սկսել է Դիանայից, սակայն զույգերը հենց առաջին հանդիպումից իրար այնքան են հավանել, որ ընտրությունը կանգ է առել հենց Դիանայի վրա:
Նշենք, որ ամուսնական գործակալությունում գրանցվելու համար վճարում են 12500 դրամ` անթիվ անհամար հանդիպումների համար մինչեւ, որ գտնեն իրենց երկրորդ կեսին:
Խոսելով հայ տղաների եւ աղջիկների նախընտրությունների մասին, Նարե Մարտոյանը, նշեց, որ երբ կենտրոնը նոր էր բացվել, բոլոր տղամարդիկ ուշադրություն էին դարձնում կնոջ կուսությանը, բայց այսօր, ըստ նրա, այդ հարցը հանված է, որովհետեւ դրա մասին խոսելն այլեւս մոդայիկ ու արդիական չէ: Ինչ վերաբերում է տարիքային խմբին եւ ճաշակին, նա նշեց. «Մեզ դիմում են բոլոր չափահաս մարդիկ, ովքեր պատրաստ են, ի վիճակի են ընտանիք կազմելու: Բնականաբար, ըստ տարիքի ցանկություններ տարբեր են: Միջին սերնդի տղամարդիկ բարետեսության հետ նաեւ թմբլիկ կանանց են գերադասում, ավելի երիտասարդներն` ավելի բարեկազմ, նիհարակազմ աղջիկների եւ կանանց: Հարկ է նկատել, որ կանայք ճկուն են իրենց արտաքինի հարցում: Եթե իրենց ցանկալի տղամարդը այդ պահին ուզում է, որ կինը շիկահեր լինի, մեր կանայք շատ հաճույքով սեւահերից դառնում են շիկահեր եւ հակառակը: Բայց դա էական խնդիր չէ, քանի որ մեզ մոտ հոգեկան ներդաշնակությունն է կարեւոր»:
Կենտրոնի օգնությամբ կազմված ընտանիքներից ընդամենը մեկն է ամուսնալուծվել, իսկ պատճառն այն է եղել, որ տղամարդու երեխաները չեն կարողացել նրա նոր կնոջն ընդունել: «Տղամարդը բարձրաստիճան պաշտոնյա էր, ում կինը մահացած էր»,-ասաց Նարե Մարտոյանը:
Հարցին, թե ի՞նչ խավի մարդիկ են դիմում իրենց, նա անկեղծացավ. «Բժիշկներ, համալսարանի դասախոսներ, բարձրաստիճան սպաներ, ուսուցիչներ, փոխնախարարներ, գործարարներ, ԿԳԲ-ի, ոստիկանության աշխատակիցներ: Սակայն սա այն տեղն է, որ ընտրում են ոչ թե պաշտոնի, այլ մարդ լինելու համար: Ընդ որում մեզ դիմում են, թե Հայաստանից, թե արտերկրից: Հարսի համար մեր կենտրոնը իբրեւ սկեսուր է ծառայում, իսկ փեսայի համար` որպես զոքանչ»:
Կենտրոն դիմած աշխատակիցների տարիքային խմբին, պատմություններին եւ նկարներին առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութի միջոցով:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը











