Հայաստանում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսօր հարմար կին թեկնածու չի տեսնում: Այս մասին, այսօր` մարտի 7-ին, մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, միաժամանակ ավելացնելով, որ միանշանակ կինը կարող է ավելի լավ կառավարիչ լինել, եթե կա այդպիսին:

«Բայց ես դեռ չեմ տեսնում Հայաստանում կին նախագահ»,- ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը:

Ասուլիսին հրավիրված ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ նկատեց, որ  դրա համար պատճառ կա: «Շատ հաճախ մեր քաղաքական դաշտը բախվում է դերակատարներին եւ անհատներին չտեսնելուն: Քաղաքական անհատները քաղաքական ինստիտուտներում պետք է ձեւավորվեն, որը մեր հասարակության մեջ բացակայում է: Նույնը վերաբերում է նաեւ կանանց: Այսինքն` մեզ մոտ այդ ինստիտուտը կայացած չէ»,-ասաց նա:

Լ. Գալստյանը միաժամանակ նկատեց, որ չի կարծում, որ մեր հասարակության մեջ իսկապես չկան կանայք, որոնք կարող էին ավելի լավ կառավարել երկիրը, քան` կառավարվում է այն այսօր: Երբ լրագրողները խնդրեցին անուններ տալ, պատգամավորն առանձնացրեց Լյուդմիլա Հարությունյանին, որի նկատամբ միշտ համակրանք է ունեցել: Լիլիթ Գալստյանն ավելացրեց նաեւ, որ այսօր խորհրդարանում էլ վատ կանայք չկան, սակայն  անկեղծորեն նշեց, որ նրանց նախագահի պաշտոնում չի տեսնում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի