Ճակատագի՞ր է, թե՞ ուղղակի պատահականություն, բայց մանկագիր Ֆրիդա Սահակյանի 2 դուստրերն էլ թամադա են, ասել է թե Զուրաբյանների ընտանիքում հավաքվել են ուժեղ կանայք: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ NEWS.am-ը որոշեց անդրադառնալ հենց ուժեղ կանանց, ովքեր իրենց մասնագիտությամբ եւ աշխատանքով փոքր-ինչ տարբերվում են մնացած կանանցից, բայց միեւնույն ժամանակ շարունակում են մնալ կին:

Շաբաթվա վերջին Նարինե Զուրաբյանը հարսանիքի է, բայց ոչ թե հյուրի կարգավիճակով, այլ աշխատողի: Կին-թամադան ավարտել է Խ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Դեռ մանկուց Նարինեն երազում էր դառնալ մանկավարժ կամ էլ հաղորդավարուհի: «Իսկ թամադան կյանքի հանգամանքներով ստացվեց: 2007թ ճակատագրի կողմից սահմանվեց,  դա մասնագիտություն չի… Ինձ  համար թամադա լինել նախ եւ առաջ նշանակում է սիրելի գործ, կենսակերպ, նաեւ մասնագիտություն, բիզնես` հաճելին օգտակարի հետ»,- նշեց նա:

Հեռուստադիտողներին նա հայտնի է սերիալներից եւ գովազդներից: Տարբեր շոուներ եւ միջոցառումներ վարելու 6, իսկ թամադայության 3 տարվա փորձ ունի:

Նրա քույրը` Լիանա Զուրաբյանը, եւս թամադա է, ասմունքող եւ հաղորդավարուհի: «Ես ավելի շատ կուլիսներում եմ հուզվում, քան հարսանիքներում: Նարինեն շատ կենսախինդ է,  շատ լավ կազմակերպում եւ ղեկավարում է: Ես ուրախանում եմ, որ գնում եմ հարսանիքների եւ ինձ ասում են, որ Լիանա ջան այն անգամ քույրդ էր վարում, շատ լավ անցավ»,- նշեց Լիանա Զուրաբյանը: Երկու թամադաների մորը աղջիկների ընտրությունը չի զարմացրել: «2 աղջիկների մեջ էլ կար կազմակերպչական ջիղ եւ ես չզարմացա նրանց ընտրությունից: Կարծում եմ, որ եթե կինը կարող է ծանրորդ դառնալ, ապա ինչու չի կարող սեղան վարել, թամադա լինել: Ես կցանկանայի, որ դա ավելի լավ ընկալվեր»,- ասաց մանկագիր Ֆրիդա Սահակյանը` առաջարկել թամադա բառի փոխարեն օգտագործել հանդիսավար բառը:

Թբիլիսիի պետական համալսարանում, ի թիվս այլ մասնագետների, կրթվում եւ  պատրաստվում են պրոֆեսիոնալ թամադաներ, իսկ մեզանում նման բան չկա: Կին թամադան մեզանում նորություն է: Որոշ մարզերում անգամ ասում են «Յա, կնի՞կը գա մեզի ղեկավարի»:

Կին թամադայի կարծիքով` թամադան պետք է լինի բազմաշնորհ, ունենա ճարտար լեզու, արտիստիզմ, մարդկանց հետ շփվելու կարողություն: Ցանկալի է, որ  կարողանա նաեւ  ասմունքի, պարի:/ցույց է տալիս իր հագուստը, հարսանիքում գնչուական է պարում/

Նարինեն պատվերներ ունենում է թե Երեւանից, թե Հայասատանի տարբեր մարզերից, տարվա բոլոր ամիսներին, բացի մայիսից, աշնանը հատկապես ամուսնություններն են շատ, ամռանը` մկրտությունները: Ավելի քան 300 հանդես է վարել` շփվելով  բանվորի ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բայց, ըստ նրա, ամենից հաճելին  աշխատավոր  խավի սեղանին  թամադայություն անելն է: Ինչ վերաբերում է գներին, ապա ստանդարտ գին գոյություն չունի, կին թամադայի ծառայությունների արժեքը սկսվում է 300 դոլարից:

Նարինեն 2 որդի ունի, ովքեր միշտ օգնում են իրեն հարսանիքի նախապատրաստվելիս, օրինակ` վիկտորինաներ կազմելիս: Երեխաները չբացառեցին իրենց` ապագայում թամադայությամբ զբաղվելու վարկածը, բայց  բացառեցին իրենց կանանց թամադայությամբ զբաղվելը, չնայած Նարինեն ուրախ կլինի որ իր հարսը թամադա լինի, ասում է իրար լավ կհասկանանք:

Ինչ վերաբերում է հայկական քեֆ ուրախություններին երրորդ բաժակից հետո տղամարդկանց կողմից ոտնձգություններին, անպարկեշտ առաջարկություններին, ապա Նարինեի անվտանգությունը միջոցառումներին ամբողջությամբ ապահովված է, բայց կին թամադայի աշխատանքում կա մեկ խանգարող հանգամանք` խանդը:

Կին թամադայի աշխատանքի առանձնահատկությունների, հարսանիքը լավ անցկացնելու եւ այլ հետաքրքիր մանրամասների մասին առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութում:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը