Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղում մեկ տարի առաջ գրանցված սողանքը ցանկացած պահի կարող է լուրջ վնաս հասցնել համայնքին: Վերջերս սողանքն էլ ավելի է ակտիվացել, ճանապարհը նեղացել է, կա փլուզման վտանգ: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրուցում Տավուշի մարզի փրկարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փրկարական ծառայության մայոր Վիկտոր Աբազյանն ասաց, որ գարնանային հեղեղումների եւ ձնհալի հետեւանքով ճանապարհի վրա առաջացել են  երկայնակի ճաքեր, մոտ 2 մետր երկարությամբ, որը խիստ վտանգավոր է սպասվելիք տեղումների եւ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ կապված: «Մարզային փրկարական վարչության կողմից մշտապես անցկացվում է մոնիթորինգ սողանքային գոտու զարգացման հետ կապված, համայնքի ղեկավարության հետ մշտական կապի մեջ ենք, սահմանված է հերթապահություն, իրավիճակը վերահսկվում է մարզային փրկարական վարչութան կողմից»,-ասաց նա:

«Ճանապարհի փլման վտանգը կա, քանի որ գրունտները կավային գրունտներ են, նրանք տեղումների հետ կապված կարող են գերխոնավանալ եւ ուռչել, որի հետեւանքով դառնում են սահուն: Հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել, մանավանդ որ սա դպրոց տանող ճանապարհ է, գյուղ մտնող ծանր մեքենաներն էլ են այստեղով անցնում»,-ընդգծեց նա:

Վիկտոր Աբազյանի փոխանցմամբ, եթե լիներ այլընտրանքային ճանապարհ, իրենք մեծ մեքենաների երթեւեկությունը կկազմակերպեին այդտեղով, բայց սա միակ ճանապարհն է, որով երթեւեկելն այսօր վտանգավոր է. «Եթե ճանապարհը փլվի, գյուղը կկտրվի քաղաքից, պահեստային ճանապարհները վատ վիճակում են, պետք է խճապատվեն, իսկ թեքությունները այնպիսին են, որ մարդատար մեքենաների համար մեծ խնդիրներ են առաջացնում»:

Ներքին Ծաղկավան համայնքի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սողանքը վտանգավոր է դարձել դեռւս նախորդ տարվա  ապրիլ ամսից, ու ճանապարհի վիճակը գնալով ավելի է վատթարանում: «Մոտ երկու շաբաթ է, ինչ ճանապարհի կենտրոնում մենակ մի մեքենայի անցնելու տեղ է մնացել»:

Գյուղապետն ասում է, որ խնդրին քաջատեղյակ են մարզպետից մինչեւ երկրի նախագահ, բայց  մինչ օրս նույնիսկ բնակիչների հետ բանակցություններ չեն տարվել` նրանց հողամասի հաշվին ճանապարհը մի փոքր լայնացնելու նպատակով. «Դեռ հստակ որեւէ քայլ չի արվել»:

Հավելենք, որ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան ունի շուրջ 560 բնակիչ, որոնց մի մասը զբաղվում է անասնապահությամբ, մի մասն էլ` մեկնում է արտագնա աշխատանքի:

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի