Լոռիի մարզում հատված մոտ 10 կեչիները հատվել են ապօրինի: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Գուգարքի անտառտնտեսության պետ Անատոլի Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ երեկ NEWS.am-ը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին հայտնաբերել էր հատված մոտ 10 կեչի տեսակի ծառ, որոնք կնիքված չեն եղել:
«Կեչին իր ջերմային հատկանիշներով ու որպես շինափայտ այդքան էլ մեծ պահանջարկ չունի, մեզ համար շատ տարօրինակ է, որ հենց աչքի տակ, անտառտնտեսության մոտ, ճանապարհի բերանից այդպիսի հատում է կատարվել: Կամ շատ տեղը նեղ մարդ է եղել, կամ էլ ինչ-որ մեկը հաճույքից դրդված ա արել»,- նման տսակետ հայտնեց Անատոլի Մխիթարյանը, հավելելով, որ իրենք անտառահատումները նկատել են երեկ, անտառտնտեսության աշխատակիցները շրջայցի ժամանակ հայտնաբերել են հատված ծառերը ու որպեսզի չտրորեն ձյան վրա մնացած հետքերը, սպասել են ոստիկանությանը, որից հետո արդեն այսօր պետք է մանրակրկիտ տեղազննություն կատարեն:
Անատոլի Մխիթարյանի փոխանցմամբ, իրենց որեւէ ահազանգ չի եղել: Նրա խոսքով, «հեռվից նայելով» հայտնաբերվել է մոտ 8 ծառ, սակայն չի բացառվում, որ դրանց թիվն ավելանա: «Հիմա մեզ ասել են, որ այդտեղով չանցնենք, ձյունը չտրորենք, որ հետքերը չկորչի, այսօր արդեն բոլորը միասին կգնան, կնկարեն, մերոնք էլ կչափագրեն, կանվանակալեն բոլոր կոճղերը ու չափերը կվերցնեն»,-ասաց նա:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի այն հարցին, թե նշված վայրում կա՞ օրինական հատատեղ, Գուգարքի անտառտնտեսության պետ Անատոլի Մխիթարյանը պատասխանեց. «Այդ տարածքում չկա: Կա Մարգահովիտ գյուղի մոտ, որը նշված տեղից 20 կմ հեռավորության վրա է, իսկ կեչի տեսակի ծառերի հատում, ընդմիշտ բացառվում է, անկախ ամեն ինչից: Միայն պետք է քամուց ընկնի, որ այդ ծառը հատվի, կեչի տեսակի ծառահատում նախատեսված չի, չի էլ կարող լինել»:
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի











