Թեեւ երեկ Մաշտոցի պողոտայի այգում շուրջօրյա նստացույց իրականացնող բնապահպան ակտիվիստների վրանը ոստիկանները հավաքել, տարել են, սակայն դա նրանց կարծես չէր բավարարել եւ նրանք այսօր թույլ չեն տալիս բնապահպաններին նունիսկ նստել փակ վրանների վրա, պաճառաբանելով, որ հստակ չգիտեն, թե ինչ է դրանցում փաթեթավորված: Այնուամենայնիվ, ակտիվիստները շարունակում են նստացույցը:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստներից Պարույր, հավելելով, որ այսօր անցկացրել են երթ, եւ մինչեւ երեկո կորոշեն գիշերելու են այգում, թե` ոչ:

Ի դեպ, ոստիկաններին ուղղված մեր հարցին, թե արդյոք օրենսդրորեն արգելվա՞ծ է փակ վրանի վրա նստելը, նրանցից մեկը խորհուրդ տվեց դիմել «02» լրատվական:

Նշենք, նաեւ որ այգում գտնվող ակտիվիստներին բաժին է հասնում 2 ոստիկան. Հատկանշական է, որ ոստիկանները պարբերաբար բանավեճ են ծավալում ակտիվիստների հետ, ինչը որոշակի լարվածություն է ստեղծում: Ակտիվիստները նեղսրտում են, որ արդյունքում ոստիկաններն իրենց հնարավորություն չեն տալիս առանձնանալու եւ զրուցելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Մաշտոցի այգում շուրջօրյա նստացույց իրականացնող բնապահպան ակտիվիստների վրանը ոստիկանները շատ կոպիտ կերպով հավաքել, տարել են, որից հետո ակտիվիստները սկսել են վանկարկել. «Ամոթ»: