Ջերմուկում հանգիստն ավելի բովանդակալից դարձնելու նպատակով «Ջերմուկի զարգացման կենտրոնի» ակտիվ երիտասարդների եւ քաղաքապետարանի ջանքերով, օրերս Ջերմուկում կազմակերպվել է «Ձնեմարդուկ» փառատոնը: Ձյանը հրաժեշտ տալու էին եկել Վայոց ձորի մարզի տարբեր կողմերից: Հագեցած ծրագրով փառատոն-մրցույթն իր մեջ ներառել է «Լավագույն ձնեմարդ» եւ «Լավագույն ձնեքանդակ» անվանակարգերը, զվարճալի խաղեր, դահուկավազք եւ նույնիսկ ֆուտբոլ:
Օրը լեցուն էր անակնկալներով: Ջերմուկի բոլոր այցելուների համար ճոպանուղին անվճար էր: Մինչեւ կեսօր արդեն հայտնվել են բազմաթիվ հետաքրքիր քանդակներ, որոց կողքին իր պատվավոր տեղն էր գտել ձմեռային հագուստին հրաժեշտ տված գարնանային հանդերձանքով ձնեմարդուկը: Իսկ արեւայրուք ընդունող կիսամերկ ու կարմրաթուշ տատիկի ձնե քանդակը բարձրացրել է հյուրերի տրամադրությունը, եւ շահել 2-րդ մրցանակը: Առաջին պատվավոր տեղը գրավել է ժպտերես հսկա փղիկը: Իսկ քանդակը կերտող թիմն ստացել է մեկօրյա հանգստի հնարավորություն Ջերմուկի լավագույն հյուրանոցներից մեկում:











