Վանաձորում մարտի 16-ին տեղացած ձյան ու ճանապարներին գոյացած մերկասառույցի պատճառով մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել: Բոլոր դեպքերում վարորդները պնդում են, որ եթե համապատասխան մարմինները ճանապարհները ժամանակին մաքրեին, նման վիճակ չէր ստեղծվի:
Այսպիսով, ինչպես NEWS.am-ին հայտնում է Լոռիի թղթակիցը, ժամը 13:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան-Զորյան փողոցի հատման խաչմերուկում բեռնատար Գազել մակնիշի մեքենան կորցնելով կառավարումը, բախվել է էլեկտրասյանը, ինչի արդյունքում վերջինս ընկել է սգո սրահի տանիքին:
Հաջորդ ավտովթարը տեղի է ունեցել կրկին նույն վայրում: Այս անգամ Գազելը բախվել է էվակուատորին: Երկու դեպքում էլ բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Ավտովթաներ գրանցվել են նաեւ մարզի այլ համայնքներում, առավոտյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մոտ 20 մեքենա մնացել էր խցանման մեջ, ինչի պատճառը կրկին անգամ ճանապարհներին առաջացած մերկասառույցն էր ու համապատասխան մարմինների` ժամանակին չարձագանքելը:
Ժամեր առաջ էլ մեկ այլ ավտովթար է տեղի ունեցել Հայքի հրապարակում, այս դեպքում անցումի վրա իրար են բախվել մարդատարն ու բեռնատարը:
Նշված բոլոր դեպքերում բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Էդվարդ Արզումանյան
Տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











