Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ընդգրկված է հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակում, թեեւ ստորին հորիզոնականներում, մինչդեռ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ պատգամավորը չի լինելու ցուցակում: Լրագրողների հետ զրույցում Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ ցուցակում իր հորիզոնականը մոտավորապես 100-յակի մեջ է: «Մոտ 100, կամ 102-րդ տեղում եմ, չեմ հաշվել»,- նշեց Պետրոսյանը:
NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ չի լինելու ցուցակում, ուստի նեղացած է ՀՀԿ-ից, Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ մի նեղացածության հարց չկա: Ուղղակի վերջին քվեարկության ժամանակ ես դեմ էի քվեարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին` համաձայն չլինելով նրա մի դրույթի հետ: Այդ կապակցությամբ են հավանաբար նման խոսակցություններ տարածվել, բայց ոչ ոք ինձ կուսակցությունից չի ասել, որ ես չեմ լինելու: Երեկ երեկոյան խորհրդի նիստում կարդացվեց ցուցակ, որի մեջ իմ անունը կար, եւ որեւէ խնդիր չկա»,- նկատեց Պետրոսյանը:
Հարցին, թե իր տեղն անցողի՞կ համարում է, պատգամավորը պատասխանեց. «Անպայման, որովհետեւ այդ ցուցակի մեջ մտնում են եւ նախարարներ, եւ մարզպետներ, ռեկտորներ, բազմաթիվ այլ մարդիկ, որոնք զբաղեցնում են տարբեր պաշտոններ եւ ընտրություններից հետո եթե մնան իրենց պաշտոններում, ցուցակի կեսից ավելին դուրս է գալիս: Եւ այդ կապակցությամբ մենք հույս ունենք, որ հանրապետական կուսակցությունը կնվաճի գոնե նախորդ ընտրությունների ժամանակ ստացած 54 մանդատի չափ, ապա իմ տեղը համարվում է անցողիկ»: Ըստ Պետրոսյանի, հանրապետականներն ակնկալում են ստանալ մինչեւ 40 տոկոս ձայն:
Լրագրողներից մեկի հարցին, թե ո՞րն է տրամաբանությունը, որ նախարարներն ու մյուս պաշտոնյաներն ընդգրկվում են համամասնական ընտրացուցակում, Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանեց. «Միշտ այդպես է, ավանդույթի համաձայն ընդգրկվում են, որ հետո կուսակցության կողմից ներկայացվեն»:
Դիտարկմանը, թե ցուցակում կան մարդիկ, որոնք միանշանակ չեն ընդունվում հասարակության կողմից, օրինակ Մանվել Գրիգորյանը, Շուշան Պետրոսյանը, Ռաֆիկ Պետրոսյանը նկատեց, թե շատ չեն հասարակական գործունեությամբ զբաղվող կանայք, եւ կուսակցությունը ընտրել է կանանց, այդ թվում` Շուշան Պետրոսյանին: «Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, նա երկրապահների ղեկավարն է, ծառայել է երկրին, կռվել է ղարաբաղյան պատերազմում, եւ կարող է Ազգային Ժողովի պաշտպանության հանձնաժողովում որոշակի հարցեր լուծել»,- նշեց պատգամավորը:











