Հայաստանում գործող ներկա համակարգը ձեւավորել են համամասնական ցուցակներում ընդգրկված մարդիկ, նրանք են պահապանը այս համակարգերի: Այս մասին, այսօր՝  մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով կուսակցությունների հրապարակած ընտրական ցուցակներին եւ շեշտելով, որ ընտրություններին շատ մեծ է լինելու արտաքին աշխարհի դերը, մեկ ակնթարթում ամբողջ պատկերը կարող է փոխվել:

Նրա խոսքով՝  ցավալին այն է, որ ժողովուրդը համաձայն է այդ խաղին, նա անարդար է համարում ոչ թե այն, որ օլիգարխը թալանում է, այլ այն, թե ինչու ինքը չէ օլիգարխ: «Մարդիկ իրավունք են ստանալու սեփական ժողովրդին մասսամբ թալանել, վեճը սրա մեջ է՝ ով կստանա թալանելու իրավոնք»,- նշեց նա՝ ավելացնելով, որ մենք կորցրեցինք ձեռք բերածը, չկարողացանք դա ձեւակերպել որպես պետության կառուցվածք:

Անդրադառնալով ընտրությունների նախաշեմին բաժանվող ընտրակաշառքներին՝ Աշոտ Մանուչարյանը նշեց, որ կաշառքն ընտրություն կոչվող ծեսի մի մասն է եւ ինքը իրեն թույլ չի տա որեւէ մեկին կոչ անել  կաշառք չվերցնել, քանի որ բարոյական կերպարից բացի՝ կա նաեւ սոված լինելու խնդիրը: Ի դեպ, որեւէ կուսակցությունից Աշոտ Մանուչարյանը համագործակցության առաջարկ չի ստացել, քանի որ «բավականաչափ հստակ է ձեւակերպում մտքերը, որպեսզի որեւէ կուսակցությունից առաջարկ ստանա»:

Խոսելով ելքերի մասին՝  նա նշեց, որ թափ առած քաղաքացիական նախաձեռնությունները նոր հասարակարգի սաղմերն են պարունակում իրենց մեջ, իսկ բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը Հայաստանի ամենահայտնի քաղաքական գործիչն է, քանի որ «այդ աղջնակը փորձում է գտնել այն աշխարհը, որում մենք պետք է լինենք»:

Նրա համոզմամբ՝  կեղծ իմաստունները Հայաստանի առաջին դավաճաններն են, իսկ «փողի մարդու» մուտքը իշխանության լծակներ, ամենածայրահեղ հանցագործությունն է, քանի որ նա լծակները կսկսի ծառայեցնել փող աշխատելու գործին, հետեւաբար,  գնդակահարությունը պետք է վերականգնել այդ մարդու համար: