News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հասարակական կազմակերպությունը կոչ է անում խստացնելու ԵՄ օրենսդիրների նկատմամբ վերահսկողությունը։ Ըստ զեկույցի՝ նրանցից շատերը  շահութաբեր դիրքեր են գրավում ընկերություններում, որոնք ճնշում են Բրյուսելի քաղաքականությանը: Դրա մասին գրում է Euronews-ը։

Transparency International ոչ կառավարական կազմակերպության հրապարակած զեկույցով՝ Եվրախորհրդարանի անդամները միասին տարեկան ավելի քան 8,6 միլիոն եվրո են վաստակում կողմնակի աշխատանքից, ներառյալ, մասնավոր ընկերություններում, որոնք ճնշում են գործադրում Բրյուսելի քաղաքականության վրա։ ՀԿ-ն ԵՄ օրենսդիրներին կոչ է արել արգելելու կողմնակի փող վաստակել, քանի որ 705 պատգամավորների ավելի քան երկու երրորդը տեղեկություն է բացահայտում Եվրախորհրդարանում իր գործունեության մասին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ դեպքերում Եվրախորհրդարանի պատգամավորներն անդամակցում են կորպորացիաների տնօրենների խորհուրդներին, որոնք սերտորեն առնչվում են իրենց հիմնական աշխատանքին և ավելի շատ են վաստակում կողքին, քան Եվրախորհրդարանում: Օրենսդիրների աշխատավարձն ամսական 10 հազար եվրո է։

Բրյուսելը բարեփոխումներ է իրականացրել անցյալ տարի Եվրախորհրդարանում որոշումների ընդունման վրա ենթադրյալ արտաքին ազդեցությանն առնչվող սկանդալից հետո: Օրենսդիրներն ներկայում իրենց արտաքին եկամուտների մասին առավել մանրամասն տեղեկություններ են հրապարակում: Այդուհանդերձ, ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլի, նոր կանոնները դեռ բավարար չեն շահերի բախումը կանխելու համար։

Եվրախորհրդարանի լիտվացի անդամ Վիկտոր Ուսպասկիխը հայտարարագրել է տարեկան 3 միլիոն եվրո՝ աշխատելով Edvervita UAB ընկերությունում։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանում խոշոր առևտրային անշարժ գույքի հետ կապեր ունեցող վերոնշյալ ընկերությունը պատկանում է Ուսպասկիխին և նրա զավակներին: Ուսպասկիխը, ով վերջերս հեռացվել էր Renew Europe («Նորացնել Եվրոպան») կենտրոնամետ խմբից՝ հոմոֆոբ արտահայտությունների համար, չի պատասխանել ընկերության հետ իր կապերի բնույթին վերաբերյալ մեկնաբանությունների խնդրանքներին:

Գերմանացի Մանֆրեդ Վեբերը հայտարարագրում է ամսական 14 հազար եվրոյից փոքր-ինչ ավելի գումար՝ հիմնականում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնի շնորհիվ։ Մոնիկա Հոլլմայերը (Գերմանիա/ԵԺԿ) տարեկան մոտ 75 հազար եվրո է վաստակում BayWa AG գյուղատնտեսական և էներգետիկ ընկերությունում աշխատանքի համար։ Ակսել Վոսը (Գերմանիա/ԵԺԿ), ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի, տարեկան պատգամավորի աշխատավարձին ավելացնում է 54 հազար եվրո։ Վոսը կես դրույքով տվյալների պաշտպանության խորհրդատու է Deutsche Telekom-ում և Bietmann իրավաբանական ընկերությունում:

Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլի տվյալների՝ ամենաբարձր վարձատրվող 20 պատգամավորները հիմնականում աջակողմյան և ծայրահեղ աջ կուսակցություններից են: Եվ ոչ միայն. Լեհաստանի Սոցիալիստներ և դեմոկրատներ կուսակցությունից Մարեկ Բիելկան ամենաբարձր վարձատրվող օրենսդիրների շարքում տասներորդ հորիզոնականում է: Նա հայտարարագրում է ամսական 5000 եվրո եկամուտ Vienna Insurance Group-ի վերահսկիչ խորհրդի անդամ լինելու և ևս 2000 եվրո՝ ամսական Pelion առողջապահական ընկերությունում նմանատիպ աշխատանքի համար։ Ըստ եվրապատգամավորի՝ իր պարտականությունների մեջ է մտնում տարեկան չորս ժողովի մասնակցելը:

Եկամուտով յոթերորդ տեղում Գայ Վերհոֆշտադն է (Բելգիա/ Renew Europe)։ Նա, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի, 5000 եվրո է ստանում Planet First Partners կանաչ ներդրումային հիմնադրամում խորհրդատվական աշխատանքից: Վերհոֆշտադի պնդմամբ՝ դա շրջակա միջավայրի և կայունության հարցերի վերաբերյալ իր տեսակետներին և քվեարկության դիրքորոշմանն ամենևին չի հակասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ