News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Արևմուտքը, ձգտելով դուրս մղել Ռուսաստանը Հարավային Կովկասից, դրդում է Հայաստանին ընդունելու Թուրքիայի և Ադրբեջանի գերիշխանությունը. եթե ​​Հայաստանը շարունակի հավատարիմ մնալ իր ներկայիս դիրքորոշմանը, ապա Թուրքիայից մինչև Չինաստանի սահմաններ թուրքական հեգեմոնիայի հաստատման ճանապարհին տարածաշրջանում մնացած միակ խոչընդոտը կվերանա։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի աշխարհաքաղաքական նախապատվությունները, որոնք դրսևորվել են վերջին երկու տարում, նպաստում են տարածաշրջանում որոշ դերակատարների դիրքերի ամրապնդմանն ու այլ խաղացողների դիրքերի կորստին։

«Բայց ի՞նչ կշահի Հայաստանը դրանից, անհասկանալի է: Այն, ինչը տեղի է ունենում, խաղաղ գործընթացի հետ կապ չունի: Տարածաշրջանի համար լուրջ մրցակցություն կա: Եթե ​​Հայաստանն ու Արցախը կարեւոր գործոններ էին տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման տեսանկյունից, ապա այժմ այլ իրավիճակ է ստեղծվել։

Գովաբանելով հայկական ժողովրդավարությունը՝ մեզ ստիպում են ընդունել թուրքական հեգեմոնիան այս տարածաշրջանում։ Եթե ​​Հայաստանը շարունակի հավատարիմ մնալ իր ներկայիս դիրքորոշմանը, ապա Թուրքիայից մինչև Չինաստանի սահմաններ թուրքական հեգեմոնիայի հաստատման ճանապարհին տարածաշրջանում մնացած միակ խոչընդոտը կվերանա։ Սա Արեւմուտքի վարած քաղաքականությունն է։ Թուրքիան, Ադրբեջանը և որոշ չափով Արևմուտքը շահագրգռված են, որ Թուրքիան դառնա այս տարածաշրջանի «ոստիկանը»։ Մեզ համար սա ընդունելի՞ է, թե՞ ոչ. հարցի պատասխանն ակնհայտ է։

Հռետորական հարց մեր արևմտյան գործընկերներին. արևմտյան շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ն 2021 թվականի ապրիլի 24-ին, այսինքն՝ 2020 թվականի պատերազմից հետո՝ դրանով իսկ ընդգծելով, որ թուրք-ադրբեջանական քաղաքականությունն ուղղված է Արցախում ցեղասպանություն իրականացնելուն։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը գիտի Հայաստանի նկատմամբ իրենց ագրեսիվ քաղաքականության մասին։ Տարակուսելի է, որ հաշվի առնելով այս ամենը՝ մեզ մղում են ընդունելու թուրքական հեգեմոնիան»,- ընդգծեց նախկին արտգործնախարարը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ