News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրանեսթի ԽՎ նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հակահայկական ելույթում այնպիսի անընդունելի շեշտադրումներ էին, որ շատ վատ տպավորություն թողեցին Եվրանեսթի եվրոպական բաղադրիչի պատգամավորների վրա: Այդ մասին այսօր` լրագրողների հետ զրույցում նշել է Եվրանեսթում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Որոշ ադրբեջանցի պատգամավորներ նույնիսկ ներողություն խնդրեցին իրենց նախագահի պատճառով»,- նշեց Հովհաննիսյանը` հասկանալի պատճառներով չնշելով այդ պատգամավորների անունները:

Ըստ Հովհաննիսյանի, հայկական պատվիրակությունը արժանի պատասխան է տվել Ադրբեջանի նախագահին, եւ դրանից հետո աշխատանքը շարունակվել է կոնստրուկտիվ հունով: Պատվիրակության ղեկավարը նաեւ ճիշտ է համարում բաքու գնալը: «Մենք համարում ենք, որ գնալը անպայման պետք էր, որովհետւ Ալիեւը այնպիսի հարված հասցրեց իր երկրի քաղաքական իմիջին, որը մենք որքան էլ ձգտեինք, բարդ կլիներ հաջողել»,- նշեց նա:

Հովհաննիսյանի խոսքով, իրենք գրեթե զրկված են եղել ադրբեջանական մամուլի ներկայացուցիչների հետ շփվելու հնարավորությունից: «Առաջին օրը մի քանի բան ասել էի, բայց հաջորդ օրը պրոտոկոլը ուղղակի վտարել էր լրագրողներին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը` միաժամանակ հավելելով, որ, օգտագործելով իր ընդհատակյա հեղափոխական պատրաստվածությունը, մի հարցազրույց տվել է «Խազար» հեռուստաընկերությանը:

Ի դեպ, ՀՅԴ-ական պատգամավորը դրականվերաբերմունք է տեսել հասարակ ադրբեջանցիներից` սպասարկող անձնակազմից, ադրբեջանցի պատգամավորներից, հյուրանոցի աշխատակիցներից, ժողովրդից: «Որեւէ ագրեսիվ վերաբերմունք չտեսանք: Ըստ երեւույթին այդ երկրում մի մարդ կա, ով ատելություն է սերմանում: Ադրբեջանցի ժողովրդի մոտ պատերազմում մեռնելու ցանկություն չտեսա»,- նշել է նա:

Պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, թե Ադրբեջանի ժողովուրդը պատանդ է Ալիեւի ձեռքին: Նա նաեւ արձանագրեց եվրոպացի պատգամավորների անհամարձակ կեցվածքը, որ միայն մասնավոր զրույցներում էին դատապարտում Ալիեւի ելույթը, իսկ ամբիոնից փորձ էլ չարեցին բառ ասել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ