News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Հայ քաղտեխնոլոգները մեկնաբանում են քաղաքական կուսակցությունների ընտրարշավների պարունակությունը եւ ձեւը:

Հայաստանի ԿԸՀ-ի կողմից հաստատված ծրագրով, քաղաքական կուսակցություններին եւ բլոկերին անվճար եւ վճարովի եթեր է տրամադրվում ապրիլի 8-ից 22-ը: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական արշավ է հեռարձակելու 2-ական րոպե անվճար եւ 4-ական րոպե` վճարովի, ապրիլի 23-ից 28-ը` 2ական րոպե անվճար եւ 5-ական րոպե` վճարովի: Ապրիլի 29-ից մայիսի 4-ը` ընտրությունների մասնակիցներին կհատկացվի 3-ական րոպե անվճար եւ 5-ական րոպե` վճարովի եթեր:

NEWS.am-ը խնդրել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանին մեկնաբանել նախընտրական տեսահոլովակները: Նրա կարծիքով, իշխող ՀՀԿ-ի հոլովակի ամբողջ իմաստը հետեւյալն է: Դուք միայն վատն եք տեսնում: Բայց մենք շատ լավ բաներ էլ ենք արել: Ինչ բացթողումներ էլ ունենք, հետագայում ենք շտկելու: Գոնե այս  անգամն էլ հավատացեք ու վերջ:

Քաղաքական տեխնոլոգի կարծիքով, ԲՀԿ-ի տեսահոլովակը կիսաիշխանական-կիսաընդդիմադիր հոլովակ է, որտեղ ներկայացվում է կուսակցության նախընտրական ծրագիրը: ԲՀԿ-ի նախընտրական կրեդոն է ՝ «Իշխանությունը ես չեմ»: Այս տեսակետից նրանց նախընտրական կարգախոսը կարող էր լինել «Հավատա, վստահիր, բայց  պահանջիր ՀՀԿ-ից»:

«Ժառանգություն»  կուսակցության տեսահոլովակը միակ հիթային  հոլովակն է, որը բավականին լավ հուշեր կարթնացնի միջին եւ միջինից բարձր սերնդի քաղաքացիների մոտ: Երիտասարդության համար սա նոր հիթ է՝ «յուրաքանչյուր նորը դա լավ մոռացված հինն է» սկզբունքով: Ռուբեն Հախվերդյան եւ  Ձախ Հարութ զույգը հետաքրքիր դրայվ է (ինչպես հիմա մոդայիկ է ասել) հաղորդել քաղաքական հոլովակին:

ՀՅԴ-ի հոլովակը, փորձագետի կարծիքով, նախընտրական ծրագրում խոստանում է նվազագույն աշխատավարձը եւ կենսաթոշակը կրկնապատկել: «Չեմ կարողանում հասկանալ ինչու 4 կամ 5 անգամ չեն բարձրացնում: Միեւնույն է հետո ասելու են 6-7 տոկոս,  ի՞նչ կարող էինք անել»:

ՀԱԿ – Այս ուժը վերադարձել է իր 2007-08թթ հռետորաբանությանը, փորձելով վերականգնել արմատական ընտրազանգվածի վստահությունը: Մի խոսքով առաջնորդվում է «կրկին փորձիր» սկզբունքով, կարծում է փորձագետը:

ՕԵԿ-ի նախընտրական տեսանյութի վերաբերյալ փորձագետը նշել է, որ  Ֆորշի «Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում» երգը վերջին տարիների ամենասիրված հիթերից էր եւ թվում էր, թե ոչ մի բան չի կարող փչացնել այս երգը, բայց ՕԵԿ-ն անգամ այս երգը կարողացավ փչացնել:

Փորձագետի խոսքով, Կոմունիստական կուսակցությունն այս անգամ կատարում է 2008թ-ի Տիգրան Կարապետիչի դերը. «Բոլորը վատն են, բայց ՀԱԿ-ը քըխ է»:

ՀԴԿ-ն հերթական անգամ համոզվեց, որ Արամ Գասպարիչը հայաստանյան քաղաքական դաշտի ամենաինտելիգենտ, բայց միեւնույն ժամանակ ամենաանիմաստ քաղաքական գործիչն է:

«Միավորված հայեր»`այս ուժը կարելի է բնութագրել, որպես «չուժոյ պախմել»: Փորձագետի կարծիքով, նրանց հիմնական կարգախոսը պետք է լիներ ՝ «Ինչ տանենք քյար է» լոզունգը:

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանին տեսահոլովակներից ոչ մեկը չի բավարարում: Կոմունիստական կուսակցության, Դեմոկրատական կուսակցության եւ «Միավորված հայերի» տեսահոլովակները նա ընդհանրապես հրաժարվեց մեկնաբանել:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն իր տեսահոլովակում չի կարող ինչ-որ բան խոստանալ, քանի որ կառավարման նախորդ տարիների ընթացքում լուրջ  ձեռքբերումներ չեն եղել, հիմնական շեշտը տեսահոլովակում դրված է վիրտուալ Հայաստանի վրա:

ԲՀԿ-ի տեսահոլովակը, փորձագետի կարծիքով, ունի ուժեղ էնեգետիկա, բայց դա քաղաքական էներգետիկա չէ: Դա թույլ կողմն է:

ՀԱԿ-ի ընտրած պայքարի մեթոդները ճիշտ են, բայց թերի, քանի որ ՀԱԿ-ը շեշտը դնում է թերությունների եւ բացթողումների վրա` ցույց չտալով լուծման ուղիներ: Դա կարող է 50 տոկոս հաջողություն բերել:

ՀՅԴ-ի նախընտրական արշավը նույնն է, ինչ նախորդ տարի: Արմեն Բադալյանի կարծիքով, հիմնական խնդիրներից մեկը ՀՅԴ-ի կողմից իր ծրագրի գերագնահատումն է: Նման մոտեցում է դրսեւորվում տեսահոլովակներում` աշխատանքից հոգնած քաղաքացու համար ձանձրալի է հեռուստացույցով դիտել ՀՅԴ-ի ծրագրի քննարկումը: Մյուս խնդիրն այն է, որ արշավն իրականացնում են նույն մարդիկ, ովքեր նախկինում «նպաստել են» կուսակցության ընտրազանգվածի կրճատմանը:

«Ժառանգությունը», փորձագետի կարծիքով, այն չէ, ինչ նախկինում, ցուցակում կան նոր դեմքեր, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներ: Տեսահոլովակի հռետորաբանությունը եւ արշավը շատ կոշտ եւ կատեգորիկ է, ինչը չի համապատասխանում Ռաֆֆի Հովհաննիսյանի կերպարին:

Ավելի կոշտ քննադատության է արժանացել «Օրինաց երկիրը», որը օգտագործում է նախորդ տարիների հռետորաբանությունը:

«Խնդիրն այն է, որ Արթուր Բաղդասարյանը դավաճանել է իր ընտրազանգվածին, իսկ ընտրազանգվածը դա չի ներում»: ՕԵԿ-ը խորհրդարան կարող է մտնել միայն այն դեպքում, եթե «չճշտվեն ընտրական ցուցակները, եւ մի քանի հազար վիրտուալ ընտրողներ մնան այդ ցուցակներում», նշել է փորձագետը:

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն եւ մեկ դաշինք: Դրանք են. ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՕԵԿ, Կոմկուս, ՀԴԿ եւ «Միավորված հայեր» կուսակցություն: Նրանցից Հայ ազգային կոնգրեսը դաշինք է, որի կազմում ընդգրկված են 18 քաղաքական միավորներ:

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 154 թեկնածուներ, 41 ընտրատարածքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ