News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ընտրությունները վերահսկող միացյալ շտաբի նիստն, այսօր` ապրիլի 18-ին, տեղի է ունեցել առանց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի: Մինչդեռ, ըստ Հայաստանի քաղաքագետների միության  նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, նա բառացիորեն երեկ էր զրուցել «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի հետ («Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ), ով հայտարարել էր, որ «Ժառանգությունը» դուրս չի գա միացյալ շտաբից, սակայն պայմանով, որ նրա նիստերից մեկում ներկա կլինեն շտաբի կազմում ընդգրկված  քաղաքական ուժերի ղեկավարները: 

Ըստ Քոքոբելյանի` դա կլինի քաղաքական ուժերի` ընտրությունների նկատմամբ վերահսկման պատրաստակամության լրացուցիչ հաստատումը: Ըստ Հովհաննիսյանի` Քոքոբելյանը նաեւ վստահեցրել էր, որ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի` նախորդ անգամ միացյալ շտաբի նիստերի դահլիճը լքելու եւ այլեւս նրա հետագա աշխատանքին չմասնակցելու որոշումը  նրա անձնական որոշումն էր  եւ «Ժառանգության» դիրքորոշումը չէր արտահայտում:

Միաժամանակ Հովհաննիսյանը հայտարարել է, որ շտաբի աշխատանքի ընթացքում, երբ գործընթացն ավելի ակտիվանա, կապահովվի նիստերից մեկին քաղաքական ուժերի ղեկավարների ներկայությունը:

Մինչդեռ, մինչ միացյալ շտաբի նիստի սկսվելն այսօր լրատվամիջոցներում տարածվել էր Ռուբեն Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ «Ժառանգություն» կուսակցությունը դուրս է գալիս ընտրությունները վերահսկող միացյալ շտաբի կազմից:

Իր հերթին Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշել է, որ միացյալ շտաբ ձեւավորելու հռչակագրում «Ժառանգություն» կուսակցության ստորագրությունն ուժի մեջ է մնում, քանի որ ոչ ոք հետ չի կանչել:

 ««Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է միացյալ շտաբի լիիրավ անդամ մնալ, եւ եթե նպատակահարմար գտնի, նրա անդամները կարող են մասնակցել շտաբի աշխատանքներին», -ասել է Զուրաբյանը` նշելով, որ չի կասկածում շտաբ ստեղծելու մասին հռչակագիրը ստորագրած քաղաքական ուժերի լեգիտիմությանը:

Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ շտաբի նիստերին մասնակցությունը կամ բացակայությունը  «Ժառանգություն» կուսակցության անձնական գործն է: «Քաղաքական երկու ուժեր հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը փաստաթղթում ստորագրությունների լեգիտիմության  վերաբերյալ, եւ ես տրամաբանական  պատճառ չեմ տեսնում «Ժառանգություն» կուսակցության պահանջների համար: Միացյալ շտաբը բաց է ընտրությունները վերահսկելու ցանկություն ունեցող քաղաքական ցանկացած ուժի համար»:

Հիշեցնենք, որ ընտրությունները վերահսկող միացյալ շտաբ ստեղծելու նախնական հայտարարությունը ստորագրել են իշխող կոալիցիայի կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստանը», նաեւ ՀՅԴ-ն եւ ընդդիմադիր «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը:

Դրանից քիչ ժամանակ անց «Ժառանգության» ներկայացուցիչներն սկսեցին հայտարարել, որ իրենց ստորագրությունը ժամանակավոր է եղել եւ երկու նախապայման էին առաջ քաշել իրենց մասնակցության համար. հռչակագիրը պետք է ստորագրեին կուսակցության առաջնորդները, ինչպես նաեւ անհրաժեշտ էր  նախընտրական ժամանակահատվածում  բարեգործական հիմնադրամների գործունեության դիտարկում անցկացնել (երկրում ակտիվ գործունեություն է ծավալում  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ