News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման գնացել էր, ոչ թե հեռախոսով, այլ` զենքով: Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր` ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում հաստատել է այդ փաստը:

Ավելին Օսկանյանը կարծում է, որ պետք չէ մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին: «Նկարներից դատելով, կարծում եմ՝ զենք էր, բայց դրանից մեծ բան պետք չէ սարքել: Հայաստանում, եթե օրինական զենք կրելու իրավունք ունես, դա քո իրավունքն է, պարոն Ծառուկյանի որոշումն է եղել այդ օրը այդպես գնալ ընտրարշավի»,- ասել է Օսկանյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 13-ին Էջմիածին քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ընտրարշավի ժամանակ ծնկի է իջել ժողովրդի առաջ, եւ երեւացել էր  գոտկատեղին փակցված ոսկեզօծ մի բան, որը շատ նման էր զենքին։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գաստյանը պնդել էին, թե դա ոչ թե զենք է, այլ Vertu ոսկեզօծ հեռախոս:

Նշենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 30 հոդվածի համաձայն «Հավաքի մասնակիցը պարտավոր է հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ