News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` ապրիլի 18-ին, ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Յուկիյա Ամանոյին (Yukiya Amano):

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱԷՄԳ-ի հետ հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը՝ այն դիտարկելով նաեւ որպես Հայաստանի էներգետիկ եւ միջուկային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ:

Նա հիշատակել է նաեւ մարտին Սերժ Սարգսյանի մասնակցությունը Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի աշխատանքներին, որը վերահաստատել է ԱԷՄԳ կենտրոնական դերը համաշխարհային միջուկային անվտանգության գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուկիյա Ամանոն նշել է, որ ԱԷՄԳ-ն կարեւորում է համագործակցությունը Հայաստանի հետ միջուկային անվտանգության բնագավառում եւ այն բավականին արդյունավետ է որակել:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համագործակցությանը՝ Մեծամորի ատոմակայանի, ինչպես նաեւ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման, միջուկային անվտանգությանն առնչվող հարցերին: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշել է նաեւ, որ Հայաստանը, հանդիսանալով միջուկային տեխնոլոգիայի տիրապետող երկիր, միացել է այդ բնագավառը կարգավորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի, ինչպես նաեւ միացել է  ԵՄ նախաձեռնած միջուկային էլեկտրակայանների ռիսկերի գնահատման փորձարկումներին:    

Էդվարդ Նալբանդյանն ու Յուկիյա Ամանոն մտքեր են փոխանակել միջազգային մակարդակով ԱԷՄԳ-ի կողմից միջուկային անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ