News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի «Այլեւս երբեք» (Never Again) խորագիրը կրող նախագծին:

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները, արվետագետները, մարզիկները, միանալով Ֆլորա Մարտիրոսյանի նախագծին, նպատակ ունեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, միաժամանակ աշխարհին հույսի եւ խաղաղության կոչ հղել:

«Միանում եմ «Այլեւս երբեք» նախագծին` դատապարտելով մարդկության հանդեպ ոճրագործությունները, այդ թվում` Հայոց Մեծ եղեռնը: Ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման նպատակով պատրաստ եմ գործադրել ողջ ջանքերս: Բոլորս դեպի խաղաղություն»,- նշել է Արթուր Աբրահամը:

Երեւանում կայացած հանդիպման ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանը Արթուր Աբրահամին ներկայացրել է նախագծի մանրամասները, առաջիկա ծրագրերը: Երգչուհին նշել է, որ Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում 2011 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկած խաղաղության համերգաշարը շարունակություն կունենա Ռուսաստանում, Եվրոպայում, Արեւելքի երկրներում, իսկ 2015 թվականին Հայաստանում:

Տեղեկացնենք, որ Լոս Անջելեսի համերգին Հայոց ցեղասպանությանը «Ոչ» են ասել մի շարք հանրահռչակ երգիչ-երգչուհիներ` հույն երգչուհի Ալեքսիա Վասիլիուն, «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր Էրիկ Բենեթը, հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայր` պոետ, դերասան Մայքլ Սթոունը, համաշխարհային գերաստղ, խաղաղության դեսպան Սթիվի Ուանդերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ